Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ավելի քան տասը տարի առաջ, հայաստանցի բժիշկ Գեւորգ Յաղջյանը ԱՄՆ –ում՝ Կոլումբիայի համալսարանում կազմակերպված լանչի ժամանակ, որին ներկա էր նաեւ Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, հայտնի նեյրավիրաբույժ եւ ՀԻՖ–ի փոխնախագահ Էդգար Հովսեփյանը ու ՀՕՖ–ի տնօրենների խորհրդի անդամ Անետ Չուլֆայանը, առաջարկեց Հայաստանի մարզերի բժիշկների վերապատրաստման ծրագիր իրականացնել, ինչպես նաեւ հայ բժիշկների յուրահատուկ ցանց ստեղծել: Այսօր այդ ծրագիրը, որը հովանավորում է ՀՕՖ–ը, նշում է իր տասնամյա հոբելյանը:

«Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչ էինք պատվիրել լանչին, քանի որ ես այդպես էլ ոչինչ չկերա ՝ ձուկ: Նրանք ուտում էին, իսկ ես խոսում էի, բայց կեսից նրանք նույնպես դադարեցին ուտել, այնքան էին հրապուրվել այդ գաղափարով: Այնպես որ ձուկն այդպես էլ մնաց»,- Հանրապետական գիտաբժշկական գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ իր հիշողություններով կիսվեց  Գեւորգ Յաղջյանը:

ՀՕՖ–ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանն իր ելույթում նշեց, որ լինելով Հայաստանի քաղաքացի, լավ յուրացրել է, որ Հայաստանում ցանկացած գործի համար հուսալի «տանիք» պետք է լինի ու նման «տանիք» ՝ այդ բառի լավ իմաստով նրանք գտան ի դեմս Արա Բաբլոյանի, ով հիմա առողջապահության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահն է:

Ինքը Արա Բաբլոյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ ՀՕՖ–ի աշխատանքը ավարտված չէ, այն նոր է սկսվում: Նա նշեց, որ այն գաղափարները, որոնք մշակվել են ՀՕՖ–ի բժշկական ծրագրում, կյանքի կկոչվեն «Առողջապահության մասին» նոր օրենքում, որը խորհրդարանում է գտնվում:

Վիճակագրությունը ներկայացրեց ՀՕՖ–ի  բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը . վերջին 10 տարիներին վերապատրաստում են անցել մոտավորապես 600 մասնագետներ՝ Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից ու Ջավախքից: Նրա խոսքով դա գուցե եւ մեծ թիվ չէ, բայց այդ բժիշկներից յուրաքանչյուրը եղանակ է ստեղծում իր աշխատավայրում: Եվ փաստորեն կարելի է արձանագրել, որ Հայաստանում ստեղծված է բժիշկների ցանց, որոնք ակտիվ փոխգործակցում են իրար հետ:

ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների միությունը գրադարանին նվեր մատուցեց՝ Արարատ Սարգսյանի «Այբուբեն» նկարը։