Ուղեղի ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղային. կան նաեւ բարորակ ուռուցքներ, սակայն դրանք նույնպես բուժման կարիք ունեն։

Ինչո՞վ է տարբերվում ուղեղի չարորակ ուռուցքի բուժումը բարորակ ուռուցքի բուժումից։ Այս մասին պատմել է ներյովիրաբույժ Փաբլո Ռեկինոսը։

Եթե բարորակ ուռուցքը ուղեղից հեռացնել հնարավոր է, ապա վիրաբույժը կհեռացնի այն ՝ ամբողջությամբ կամ մի մասը՝ այն, որի հեռացումը չի անդրադառնա հիվանդի ուղեղի առողջության ու գործառույթների վրա։ Իսկ քաղցկեղային ուռուցքները, ի տարբերություն բարորակի, աճում են շատ արագ ու կարող են տարածվել նաեւ ուղեղի մյուս հյուսվածքների վրա։ Դրա համար էլ վիրահատության ժամանակ վիրաբույժի խնդիրն է հեռացնել ամբողջ ուռուցքը՝ չթողնելով նույնիսկ մի քանի հիվանդ բջիջներ։

Ընդ որում կարեւոր է չվնասել ուղեղի գործառույթները։ Բայց որոշ դեպքերում, ինչպես նշեց բժիշկը, ստիպված ես զոհաբերել ուղեղի որոշ գործառույթներ, որպեսզի ամբողջությամբ հեռացնես ուռուցքը ու նվազեցնես դրա տարածման վտանգը։

Ինչպես բացատրեց մասնագետը, կան ուղեղի ուռուցքների հեռացման վիրահատությունների տարբեր տեսակներ ՝ քիչ ինվազիվից մինչեւ բաց ընդարձակ վիրահատություններ։ Բնայանաբար որքան քիչ ինվազիվ է վիրահատությունը, այդքան ավելի քիչ է սթրեսը հիվանդի օրգանիզմի համար, սակայն նման վիրահատությունները ոչ բոլոր դեպքերին են հարմար։

Ինչ վերաբերում է ուռուցքի հեռացումից հետո նշանակվող բուժմանը, ապա բարորակ ուռուցքի դեպքում երբեմն պետք է լինում ճառագայթային թերապիա, իսկ ահա քիմիաթերապիա շատ հազվադեպ են կիրառում։ Իսկ քաղցկեղային ուռուցքների դեպքում վիրահատությունից հետո քիմիաթերապիա գրեթե միշտ նշանակում են։