Շագանակագեղձի քաղցկեղի մասին լսել են շատերը, սակայն քչերը գիտեն, թե այն ինչ է իրենից ներկայացնում: Դրա համար էլ սեպտեմբերը համարվում է տարեկան հարյուր հազարավոր կյանքեր տանող այս հիվանդության ՝ շագանակագեղձի քաղցկեղի մասին տեղեկությունների տարածման ամիս:  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ տեղեկություններ շագանակագեղձի ու դրա քաղցկեղի մասին

Ի՞նչ է շագանակագեղձը

Շագանակագեղձը գեղձ է, որն ունեն միայն տղամարդիկ: Այն գտնվում է միզապարկի տակ, հաստ աղիքի դիմաց: Շագանակագեղձի բջիջներն արտադրում են սերմնահեղուկի մի մասը, որը պաշտպանում ու խոնավացնում է սպերմատազոիդները, իսկ միզուկը ՝ այսինքն այն «խողովակը» որով դուրս է հոսում մեզը, անցնում է շագանակագեղձի կենտրոնով: Շագանակագեղձի չափերը հաճախ պայմանավորված են տղամարդու տարիքով՝ երիտասարդների մոտ այն ավելի փոքր է:

Ի՞նչ է շագանակագեղձի քաղցկեղը

Շագանակագեղձի քաղցկեղը շագանակագեղձում զարգացող քաղցկեղի տեսակներից մեկն է: ԱՄՆ-ում այն տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Համարվում է, որ 6 տղամարդուց մեկի մոտ կյանքի ընթացքում ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղ, իսկ 36 տղամարդուց մեկը մահանում է դրա պատճառով:

Շագանակագեղձի քաղցկեղի պատճառները

Շագանակագեղձի քաղցկեղի հիմնական պատճառը շագանակագեղձի նորմալ բջիջների ԴՆԹ-ում կատարվող փոփոխություններն են: ԴՆԹ-ն մենք ժառանգում ենք մեր ծնողներից, սակայն շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի միայն 5-10 տոկոսն է համարվում ժառանգական: Բոլոր մնացած դեպքերում ԴՆԹ-ի փոփոխությունները տեղի են ունենում կյանքի ընթացքում:

Մասնագետները խորհուրդ են տալիս տղամարդկանց առողջ կենսակերպ վարել ու խուսափել վնասակար սովորություններից, որոնք կարող են ԴՆԹ-ի վնասվածքների ու շագանակագեղձի քաղցկեղի (կամ քաղցկեղի այլ տեսակների) պատճառ դառնալ: