Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անպտղության բուժումը անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար մատչելի դարձնելու, ծնելիության բարձրացման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել եւ ՀՀ կառավարության 2015թ. մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշմամբ հաստատվել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները»: Այս մասին հաղորդում է Հայաստանի Առողջապահության նախարարությունը։
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու շահառու են համարվում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք եւ նրանց ամուսինները, իսկ պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու շահառու են համարվում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչեւ 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք եւ նրանց ամուսինները:
Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետեւյալ հիմնական պահանջներին՝
1) ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ամուսնությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը.
3) ամուսինները կամ նրանցից մեկը երկու եւ ավելի տարի տառապում են անպտղությամբ եւ առկա են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից.
4) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին:
Նույն որոշման համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման ծավալներն են՝
1. անպտղության պատճառագիտության ախտորոշման, ինչպես նաեւ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների շրջանակներում կիրառվելիք մեթոդի որոշման նպատակով իրականացվող համալիր հետազոտությունները,
2. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով, եթե առկա է արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ բժշկի գրավոր հիմնավորումը,
3. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով (առավելագույնը 6 փորձ, երեք դաշտանային պարբերաշրջանում մինչեւ 6 սերմնավորում):
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով քաղաքացիների դիմումների քննարկման եւ բժշկական կազմակերպություններ ուղեգրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Բոլոր նրանք, ովքեր կարիք ունեն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման եւ համարվում են ՀՀ կառավարության 27.05.2015թ. թիվ 568 որոշման պահանջներին համապատասխանող շահառուներ՝ կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն:






