ՀՀ-ում գրանցվող  եւ դեղատներում վաճառվող բոլոր դեղերի ներդիր թերթիկները պետք է  լինեն հայերեն: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 19–ին ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հայաստանյան դեղ արտադրող եւ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների եւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը եւ  Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն անդրադարձան նաեւ  ԵԱՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական   փոփոխություններին, որոնք վերաբերում են դեղերի գրանցմանը եւ ներմուծմանը:

Դեղերի ներկրման հարցում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարեւորեցին որակի, արդյունավետության եւ անվտանգության ապահովմանն ուղղված օրենքով սահմանված  բոլոր  պահանջների իրականացումը:

Դեղ արտադրող եւ դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների եւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց  ներկայացնել առաջարկություններ դեղերի ներդիր թերթիկների  հայերենով ապահովման գործընթացն արագացնելու վերաբերյալ: