Հայմորիտների ու ֆրոնտիտների ժամանակ թարախը խոռոչներից դատարկելու «պունկցիա» կոչվող ու, չգիտես ինչու, հայերի սարսափը հարուցող մեթոդը այսօր շատ հաճախ փոխարինվում է ավելի անցավ մեթոդով՝ յամիկ-կաթետերով, NEWS.am Medicine-ին ասաց «Արթմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը։

Նա նաեւ նշեց, որ չնայած ժողովրդի մոտ արմատավորված կարծիքի, թե պունկցիան հանդիսանում է հայմորիտի կրկնության պատճառներից մեկը, դա ամենեւին էլ այդպես չէ. հիվանդության կրկնության պատճառը հիվանդի ոչ ճիշտ պահելաձեւն է, ինչի շնորհիվ թույլ կետը՝ locus minoris morbi-ն իրեն կրկին զգացնել է տալիս, իսկ պունկցիան ընդամենը թարախը դատարկելու եղանակ է, պարզապես բավականին ցավոտ ու տհաճ։ Յամիկ-կաթետերները մինչդեռ ավելի ժամանակակից ու անցավ են։ Կատարվում են նաեւ լվացումներ։

Վիրահատական միջամտությունների, ըստ բժշկի, դիմում են այն ժամանակ, երբ կա քրոնիկ պրոցես, ոսկրի փտախտ, հաճախակի թարախային արտադրություն, եւ երբ որ կա լորձաթաղանթի արտածում, պոլիպոզի առաջացում։

Խոսելով ԼՕՌ հիվանդությունների էթիոլոգիայի մասին, այսիքն, դրանք մրսածության թե վարակների հետեւանք են, Ա. Ղարիբյանը նշեց, որ մրսածությունը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության անկմանը, ինչի հետեւանքով վիրուսը իրեն լավ է զգում, ու սկսում է զարգանալ ու բազմանալ։

«Մեր բոլորիս քթըմպանում ինչպես նաեւ արտաքին միջավայրում կան բակտերիաներ՝ ստաֆիլոկոկկեր, ստրեպտոկոկկեր, որոնց քանակը սովորական պայմաններում նորմայի սահմաններում է։ Նրանք բազմանում են այն ժամանակ, երբ մարդը մրսում է, եւ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է։ Նույնիսկ վիրուսային էթիոլոգիայի ռինիտների ու հայմորիտների դեպքում, երբ վիրուսային փուլն անցնում է, գալիս է բակտերիալ փուլը, բակտերիալ բորբոքումը», - ասաց նա, հավելելով, որ առաջին օրերին արվում է հակավիրուսային բուժում, իսկ երբ որ արդեն քթից թարախ է հոսում՝ անցնում են հակաբիոտիկների։

Ա.Ղարիբյանը նշեց, որ ԼՕՌ հիվանդությունների համար նպաստավոր պայմաններից մեկն է նաեւ քթի ծուռ միջնապատը, ինչը հայերի մոտ շատ հաճախ է հանդիպում։ «Դա վատացնում է հարակից խոռոչների օդակրությունը, առաջանում է բորբոքային այտուց, հեղուկի արտադրություն, որի արտահոսքը դեպի դուրս դժվարացած է, տեղի է ունենում կանգ ու նեխում։ Այսինքն, ծուռ միջնապատը սկզբից նպաստում է նրան, որ օդակրությունը վատանա, ու բորբոքում լինի, իսկ երկրորդ փուլում այն թույլ չի տալիս, որպեսզի թարախը լավ դուրս գա», - ասաց բժիշկը։