Ֆիզիոթերապիան այսօր մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում, ու Հայաստանում բժշկության այս ուղղությունը նույնպես ակտիվ զարգանում է . Հայաստանը ձգտում է ներդնել ամենաարդիական ֆիզիոթերապեւտիկ տեխնոլոգիաները, բացի դրանից այստեղ շատ լավ առողջարաններ կան, որոնք շատ հեռանկարային են կուրորտաբանության հետագա զարգացման տեսակետից: NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել բժշկական ռեաբիլիտացիայի ու կուրորտաբանության ռուսական գիտական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Շակուլան:
Նրա խոսքով, Հայաստանում ֆիզիոթերապիայի ու կուրորտաբանության բնագավառում կիրառվում է զարգացած մեթոդաբանություն, որը նույն մակարդակի վրա է գտնվում, ինչ ռուսականը: Մասնագետի կարծիքով հեռավոր արտերկրերում ֆիզիոթերապիայի ու կուրորտաբանության մակարդակը բավականին հեռու է Ռուսաստանի ու Հայաստանի մակարդակից: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում ու Ռուսաստանում ֆիզիոթերապիայի մակարդակները համեմատելը բարդ է, նշեց մասնագետը, քանի որ Ռուսաստանում ավելի շատ ռեսուրսներ ու գիտական կադրեր կան, քան Հայաստանում:
Ինչ վերաբերում է տեխնիկայով ու սարքավորումներով հագեցվածությանը, ապա դա պայմանավորված է թե երկրի, թե տվյալ կենտրոնի սոցիալ տնտեսական պայմաններով. ոչ միշտ է հնարավոր գնել ամենաարդիական սարքավորումները ` կուրորտային ու բուժական հաստատություններում ներդնելու համար: Ինչպես նշեց Ալեքսանդր Շակուլան ` 2012 թ. Ռուսաստանում օրենսդրորեն սահմանվել է բժշկական ռեաբիլիտացիայի ոլորտին օգնության տրամադրելու կարգը: «Այդ կարգով մշակվել են բոլոր առաջարկները` բժշկական ռեաբիլիտացիայի ոլորտի մուլտիդիսցիպլինար բրիգադների ստեղծումից սկսած մինչեւ առաջին, երկրորդ ու երրորդ փուլի օգնության տրամադրում »,- պարզաբանեց բժիշկ Շակուլան: Մասնագետի կարծիքով, վատ չէր լինի, եթե հայկական առողջարանների համար նույնպես նման կարգ մշակվեր:






