Կաթվածից հետո սեքսով զբաղվելն ավելի վտանգավոր չէ, քան զբոսնելը կամ էլ աստիճաններ բարձրանալը, հավաստիացնում են գերմանացի հետազոտողները Ulm University-ից:

Կաթված տարած մարդիկ կարող են հանգիստ վերադառնալ սովորական կենսակերպին, համարում են նրանք: Իհարկե նրանք պետք է հրաժարվեն ոգելից խմիչքներից, ծխելուց ու ճարպոտ սննդից: Սակայն սեքսը բացառելն ամենեւին էլ պարտադիր չէ: Գիտնականների կարծիքով, կաթվածի բուժումն ավարտելուց հետո ցանկացած ֆիզիկական ակտիվություն ` այդ թվում սեքսը, միանգամայն անվտանգ է եւ խրախուսելի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կաթվածի կրկնվելու տեսակետից սեքսով զբաղվելն ավելի կարեւոր գործոն չէ, քան աստիճաններ բարձրանալը կամ զբոսնելը: Գերմանացի գիտնականները հետեւել են` կաթված տարած ավելի քան 500 մարդու առողջության:

Հաշվի են առել տարբեր գործոններ` այդ թվում սեքսով զբաղվելու հաճախությունը եւ դրա ազդեցությունը սրտի խնդիրների վրա: Հետազոտողները հետեւել են` արդյոք որեւէ կապ կա սեքսով զբաղվելու եւ առաջին կաթվածների, ինչպես նաեւ հետագա կրկնությունների միջեւ:

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների միայն 0.7 տոկոսն է (ավելի քիչ քան 5 տղամարդ ու կին ) սեքսով զբաղվել կաթված ստանալուց մեկ ժամ առաջ: Հակառակ դրան` գրեթե 80 տոկոսը հիվանդության ի հայտ գալուց առնվազն 24 ժամ առաջ սեքսով չի զբաղվել: Հետազոտության մասնակիցների մոտ կրկնված կաթվածների, ինսուլտների ու սրտի այլ հիվանդությունների մոտավորապես 100 դեպք տեղի է ունեցել  առաջին դրվագներին հաջորդած տասը տարիների ընթացքում: Սակայն սեռական ակտիվության եւ սրտի խնդիրների միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել: