Հասարակության հոգեկան առողջության գնահատումն ընդունված է անել ինքնասպանությունների ու սպանությունների ցուցանիշների հիման վրա: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Բանն այն է, որ հասարակության հոգեկան առողջության ցուցանիշը պարզելու տեսակետից հոգեկան հիվանդների թիվը ոչինչ չի տալիս, քանի որ այն գրեթե նույնն է աշխարհի տարբեր երկրներում: Հայտնի է, որ շիզոֆրենիայով տառապում է մարդկության մինչեւ 1 տոկոսը, ու այդ տոկոսն անփոփոխ է Ամերիկայի, Աֆրիկայի, Եվրոպայի ու մյուս աշխարհամասերի համար:
Բայց Հայաստանում ստույգ վիճակագրություն չկա ոչ սպանությունների ու ինքնասպանությունների, ոչ էլ հոգեկան խանգարումների ցուցանիշների վերաբերյալ: Երբեմն ընտանիքի անդամներն են թաքցնում ինքնասպանության փաստը, երբեմն այն դասակարգվում է որպես դժբախտ պատահար: «Ինչպես բանակում, այդպես էլ քաղաքացիական կյանքում սա այնքան զգայուն թեմա է, որ մեր մարդիկ պատրաստ չեն այն նույնքան թափանցիկ ներկայացնել, որքան ասենք Արեւմուտքում»,- նշեց Խաչատուր Գասպարյանը:
Այդուհանդերձ, չնայած ոչ ստույգ վիճակագրությանը, ինքնասպանությունների թվով Հայաստանը զգալիորեն զիջում է զարգացած երկրներին:
Փոքր տեղային հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակության հոգեկան առողջության ցուցանիշով Հայաստանը քիչ է տարբերվում այլ երկրներից: Եթե ԱՄՆ –ում հիպերախտորոշման պայմաններում արձանագրվում է 15-17 տոկոս, մեր երկրում կատարված ոչ մեծածավալ հետազոտությունները ցույց են տալիս 10-12 տոկոս ցուցանիշ:
Հաշվի առնելով, որ Հայաստանում վիճակագրությունն ամբողջական չէ ՝ կարող ենք եզրակացնել, որ այդ ցուցանիշները բավականին մոտ են իրար: «Այնպես որ մենք այս հարցում առանձնահատուկ չենք ... Միայն մի բանով ենք տարբերվում. ինչպես ցույց է տվել ոչ մեծածավալ հետազոտությունը՝ Հայաստանում ու Իսրայելում բարձր է աբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների տոկոսը: Սա պայմանավորված է թե հոգեկան տրավմաներով, թե մոր գերիշխող դերակատարումով ՝ հայկական ու հրեական հասարակություններում»,- նշեց Խաչատուր Գասպարյանը ՝ հավելելով, որ սա ընդամենը մեկ առանձին ցուցիչ է, ու պետք է հաշվի առնել, որ այս թեմայով լայնածավալ հետազոտություններ չեն իրականացվել:






