Peanut Corporation of America ընկերության նախկին ղեկավար Սթյուարթ Փարնելը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել սալմոնելոզի բռնկման համար, որի հետեւանքով զոհվել է ինը ու հիվանդացել հարյուրավոր մարդ:
61 -ամյա գործարարն ու նրա եղբայրը՝ 56 -ամյա Մայքլ Փարնելը, որը վաճառում էր ընկերության արտադրանքը, մեղավոր են ճանաչվել դավադրության համար, քանի որ գետնանուշն իրացնելու նպատակով վաճառել էին այն՝ նախապես իմանալով, որ այն վարակված է սալմոնելեզով: Ընդ որում Մայքլ Փարնելը դատապատրվել է ընդամենը 20 տարվա ազատազրկման: Եվս մեկ մեղադրյալ ՝ 41 ամյա Մերի Ուիլքերսոնը, ով որակի վերահսկողության մենեջեր էր աշխատում տվյալ գործարանում, հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել:
Ըստ մեղադրող կողմի ներկայացրած փաստարկների՝ Փարնել եղբայրները թաքցրել էին ընկերության գետնանուշային արտադրանքի մեջ սալմոնելոզի առկայությունը: Նրանք կեղծ հավաստագրեր են ցույց տվել, որոնք հավաստում էին ապրանքների անվտանգությունը, չնայած լաբորատոր թեստերը այլ բան էին ցույց տվել: Քրեական գործընթացի ամենաանբարենպաստ ելքի դեպքում նման արարքի համար Սթյուարթ Փարնելը կարող էր դատապարտվել ցմահ բանտարկության, իսկ նրա եղբայրը՝ 24 տարվա ազատազրկման:
Բլեյքլիում գտնվող գործարանի՝ սալմոնելոզով վարակված արտադրանքի իրացումը խոշորագույն միջադեպերից մեկն էր ԱՄՆ սննդային արդյունաբերության մեջ: Կատարվածի հետեւանքով Peanut Corporation of America ընկերությունը լիկվիդացվել էր:
Ինչպես դատարանում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը՝ այդ ընկերության վարակված արտադրանքն ուտելու պատճառով երկրի 46 նահանգներում 714 մարդ էր հիվանդացել, որոնցից 166 –ը հիվանդանոց էին տեղափոխել:






