Մարզասրահ հաճախելը առողջ կենսակերպի պարտադիր պայմաններից մեկն է թվում, ակայն այն կարող է վերածվել հիվանդության ՝ բիգորեքսիայի: Այսպես է կոչվում սեփական մկանների մեծության նկատմամբ չափազանցված ուշադրությունը, որը դրդում է չափազանց երկար պարապել մարզասրահում եւ ստերոիդներ ընդունել եւ դառնում է դեպրեսիաների, կաթվածների ու ինքնասպանության պատճառ:

Բիգորեքսիա հասկացությունը (անգլերեն big ՝ մեծ, խոշոր բառից) վերջերս են սկսել գործածել գիտության մեջ: Սակայն հոգեբանների խոսքերով այդ խնդիրը կարող է վերաբերել ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց, չնայած բնականաբար այն հիմնականում տղամարդկանց է բնորոշ:

Մասնագետների գնահատականով՝ մարզասրահի հաճախորդների մոտավորապես 10 տոկոսը մկանային դիսմորֆիա ունի: Նրանք չեն կարողանում համարժեք գնահատել իրենց արտաքինը (անորեքսիայի զոհերի նման) գոհ չեն լինում իրենց տեսքից ու իրենց հասցնում են հիվանդագին վիճակի: Հաճախ նրանք այդ նպատակով սկսում են ստերոիդներ ընդունել, քանի որ առանց դրանց գրեթե անհնար է այդաստիճան զարգացնել մկանները:

Ստերոիդների ներգործության տակ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձրանում է եւ հասնում չափազանց մեծ ցուցանիշների, ինչը սկզբնական շրջանում մեծ ոգեւորություն ու ուժերի ներհոսք է առաջացնում: Սակայն օրգանիզմի (մասնավորապես սրտի, լյարդի ու երիկամների) համար հետեւանքները  կարող են չափազանց վտանգավոր լինել: Բացի դրանից, հենց մարդը դադարում է ստերոիդներ ընդունել, մկանները սովորաբար անհետանում են, ինչը  դառնում է նաեւ հոգեբանական խնդիրների, դեպրեսիայի, սեփական արտաքինի նկատմամբ ավելի մեծ դժգոհության ու սուիցիդալ մտքերի պատճառ դառնալ:

Կա կարծիք, որ բիգորեքսիայի դեպքերի քանակը զգալիորեն ավելի շատ է, քան ընդունված է համարել: Խնդիրն այն է, որ այդ հոգեկան խանգարման զոհերը սովորաբար այդքան էլ հակված չեն դիմել հոգեբանական օգնության, քանի որ չեն գիտակցում իրենց խնդիրը: