Այսօր Հայաստանի դեղագործական ոլորտի ամենաառաջնային խնդիրներից մեկն է դեղորայքի մեծածախ առեւտրի արտոնագրումը: Այս պահին արտոնագրեր ստանում են միայն դեղատները: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Նատալի գրուպի» գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը: «Նատալի գրուպի» կազմում է Հայաստանի դեղորայքի ամենախոշոր մատակարարներից մեկը՝ «Նատալի ֆարմը»:

«Այսինքն անըդնհատ խոսում ենք դեղորայքի որակի, դրանք վստահելի արտադրողներից ներկրելու անհրաժեշտության մասին, բայց այս շղթայից դուրս է մնում մի շատ կարեւոր օղակ՝ մեծածախ առեւտրով զբաղվողի պահեստը, որտեղ դեղորայքն ամենից երկար է պահվում: Դեղորայքի մեծածախ մատակարարների գործունեությունը չի արտոնագրվում, ու նրանց պահեստները ոչ ոք չի վերահսկում: Այսօր յուրաքանչյուրը կարող է դեղամիջոց ներկրել ու պահել դրանք ավտոտնակում՝ անհասկանալի պայմաններում եւ հետո վաճառել»,- ասել է նա:

Ընկերության ղեկավարը նշում է, որ լավագույն տարբերակը, բնականաբար, այն կլիներ, որ դեղորայքի բոլոր մեծածախ մատակարարները աշխատեին GDP (Good Distribution Practice, Դիստրիբյուտորային պատշաճ գործունեություն) ստանդարտով, սակայն մինչեւ այդ ստանդարտին անցնելը որոշ անցումային փուլեր պետք է լինեն՝ պահեստների նկատմամբ տարրական պահանջներով, որոնք կվերաբերեն ջերմաստիճանի ռեժիմին, հիգիենային  եւ այլն: Մեծածախ առեւտրի արտոնագրման դեպքում դրանով զբաղվող բոլոր ընկերությունները հայտնի կլինեն ու նրանց գործունեությունը վերահսկողության տակ կլինի, համարում է նա:

Ասատուր Ասատրյանի խոսքով, արդիական է մնում նաեւ Հյաստանում չգրանցված դեղորայքի ներկրման խնդիրը, առավել եւս որ այդ դեղորայքը կարող է իրոք անփոխարինելի լինել որոշակի հիվանդությունների բուժման համար: Նա հայտնել է, որ Առողջապահության նախարարությունն այս պահին քննարկում է որոշ չգրանցված դեղորայքի ներկրումը թույլատրելու հնարավորությունը, եթե խոսքը կենսական անհրաժեշտության դեղորայքի մասին է: Բայց այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում. պետք է հաշվի առնել՝ արդյոք շուկայում կան տվյալ դեղորայքի համարժեք փոխարինողներ: