Սնդիկի գոլորշիներն ուժեղագույն թույն են, այդ պատճառով, եթե ձեր տանը կոտրվել է սնդիկի ջերմաչափ , անհապաղ անհրաժեշտ է  միջոցներ ձեռնարկել եւ մաքրել սենյակը՝ խուսափելու համար թունավորումներից եւ դրանց հետեւանքներից:

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, նրա մեջից դուրս է գալիս հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ,  հեշտությամբ թափանցում  նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ եւ մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկը  սկսում է սենյակի օդը թունավորող գոլորշիներ արձակել, եւ եթե մարդ սկսում է  մշտապես շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում եւ ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշանները  իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի եւ ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց եւ փսխում: Ախորժակը կորում  է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-40 °C. Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաեւ մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը, իսկ սնդիկը տարածվել է ամբողջ հատակով մեկ:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին եւ կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն եւ արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները:

Այնուհետեւ պետք է օգնության դիմել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ զանգահարելով  911: Ինչպես հաղորդել են ԱԻՆ աշխատակիցները NEWS.am Medicine թղթակցին, նրանք շատ օպերատիվ բացատրում են տուժածին, թե ինչպես կարելի է մաքրել սնդիկը եւ ապահով դարձնել սենյակը:

Բայց, եթե ինչ-որ պատճառով դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել.

1)      Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն  ավելի քիչ է գոլոշիներ  ձերբազատում: Մինչդեռ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող  է ցրել սնդիկի գնդիկները, այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2)         Պատրաստեք՝   

•          Մեկ բանկա սառը ջուր

•          Թուղթ կամ ալյումինաթիթեղ

•          Միանգամյա օգտագործման ներարկիչ

•          Կպչուն ժապավեն

•          Թաց թերթ

•          Կալիումի պերմանգանատի լուծույթ եւ կտոր

•          Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար)

•          Բժշկական դիմակ  (հագեք այն,որքան հնարավոր է շուտ, որպեսզի  ձեր շնչառական օրգանները չտուժեն)

3)         Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախորոք պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4)         Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ  կպցնել կպչուն ժապավենի վրա:

5)         Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ

6)         Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու համար ոչ մի գնդիկ:

7)         Եթե ձեր հատակը փայտից է, ապա դուք ստիպված եք այն վերանորոգել եւ փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, եւ հանել այնտեղից դուք հավանաբար չեք կարողանա:

8)         Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9)         Մաքրած մակերեսը մեկ անգամ եւս մաքրեք խոնավ թերթով, հետո  կալիումի պերմանգանատի լուծույթով ( մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ): Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի եւ սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ  օճառ եւ  50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը եւ թույլ չի տա նրան գոլորշիանալ: Այդ նույն լուծույթով մաքրեք կոտրված ջերմաչափի վայրին հարակից բոլոր հատվածները:

10)       Լավ օդափոխեք սենյակը

11)       Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1)         Սնդիկը հավաքելու համար օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում եւ կշարունակեն թունավորել բնակարանը:

2)         Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները եւ նպաստում դրանց տարածմանը:

3)         Ինչպես արդեն նշվել էր վերեւում, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Երբ  սնդիկը հավաքված է (ցանկալի է սառը ջրով լի տարրայի մեջ) եւ տարածքը օդափոխված է, տրամաբանական հարց է ծագում՝  իսկ ին՞չ անել հիմա հավաքված սնդիկի եւ բոլոր այն իրերի հետ, որոնց  կպել է սնդիկը:

Արեւմուտքում կարծում են, որ սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը եւ  մոտակայքում  գտնվող երեխաներին: Այնտեղ գոյություն ունեն հատուկ կենտրոններ, որտեղ կարելի է վերամշակման հանձնել թունավոր նյութերը, բայց մեզ մոտ՝ Հայաստանում , նման կենտրոններ չկան, այդ պատճառով ԱԻՆ-ը ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան եւ այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա: