Միացյալ արաբական էմիրություններում արդեն կան ռոբոտ ոստիկաններ, ավտոկայանատեղիների համակարգչային տեսուչներ եւ շատ այլ էլեկտրոնային օգնականներ, իսկ հիմա այս շարքը համալրվել է նաեւ ռոբոտիզացված բժիշկներով, որոնք կարող են իսկական հեղափոխություն անել բժշկական ծառայությունների տեղական շուկայում: Առաջին նման ռոբոտը արդեն սկսել է իր հերթապահությունը Խատտա հոսպիտալում: Այս մասին հայտնում է «Գալֆ նյուզ» թերթը:

"Dubai Robo Doc" անվանումով ռոբոտը հիվանդների հեռակա բուժման ժամանակակից համակարգի մի մասն է, ու մոտ ժամանակներս այն կներդրվի երկրի տասնհինգ խոշորագույն բուժհաստատություններում:

«Այս տեխնիկայի շնորհիվ բժիշկները կարող են հիվանդներին զննել հեռակա, - ասել է բժիշկ Մոին Ֆիկրիին, - այս տեխնիկան ունի ախտորոշման ամենաարդիական միջոցների ընդարձակ հավաքածու ու համապատասխան վերապատրաստումից հետո հասանելի կլինի բոլոր բժիշկներին»:

Իր չափերով ոչ այնքան խոշոր ռոբոտը, գրում է թերթը, կարող է տեղաշարժվել հիվանդանոցում, նրան կկառավարի մասնագետը՝ հատուկ օպերացիոն կենտրոնից, որը կարող է գտնվել երկրի ցանկացած մասում: Տեսախցիկների ու մասնագիտական այլ սարքերի շնորհիվ բժիշկը կկարողանա հեռակա զննել հիվանդին ու բուժում նշանակել:

«Մենք կարող են մանրակրկիտ ուսումնասիրել լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ռենտգեն անել ու գնատահել հիվանդի արտաքին տեսքը ՝ այդ թվում մաշկի գույնը, - ճշգրտել է բժիշկ Մոին Ֆիկրիին: - Այս սարքը կատարյալ է արտակարգ դեպքերում առաջնային ախտորոշումներ անելու համար, երբ որակյալ մասնագետը չի կարող ժամանակին գալ պատահարի վայր: Այսպիսով, մենք կարող ենք ներգրավել ցանկացած մասնագետների ՝ հեռավոր բուժկետերում աշխատող մեր գործընկերներին աջակցելու եւ ուղղություն ցույց տալու համար: Առաջ նույնիսկ աննշան խնդրի համար մենք ստիպված էինք մշտապես աշխատակիցներ ուղարկել այս կամ այն հիվանդանոց: Իսկ հիմա կկարողանանք ավելի արդյունավետ տնօրինել մեր ժամանակը»:

Նորույթը ստեղծողները նաեւ հավաստիացնում են, որ դրա գործածումը թույլ կտա կրկնակի կրճատել հիվանդների զննման ծախսերը: Եթե առաջ մեկ հիվանդի համար ծախսվում էր հարյուր  դոլար, ապա հիմա կպահանջվի հիսուն դոլար: