Հայկական կլինիկաներում պետպատվերը չի բավականցում բոլոր այն հիվանդներին, ովքեր դրանից օգտվելու իրավունք ունեն. գրեթե բոլոր պետական բուժհաստատություններում պետպատվերի լիմիտը սպառվում է մոտավորապես տարվա կեսերին: Այս մասին մեզ պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Նրա խոսքով, մարդիկ, ովքեր պետպատվերի շրջանակում բուժում ստանալու իրավունք ունեն, բավականին շատ են, իսկ ֆինանսական ռեսուրսները, որոնք պետությունը կարող է հատկացնել նրանց, բավականին քիչ են: Դրա հետեւանքով շատ կլինիկաներ բախվում են իրավիճակների, երբ նրանց մոտ գալիս են հիվանդներ, որոնք պետպատվերի հաշվին բուժում ստանալու իրավունք ունեն, բայց պետպատվերն արդեն վաղուց սպառված է լինում: Սա առողջապահության ոլորտի խնդիրը չէ . գուցե խնդիրն այն է, որ չկան հստակ տվյալներ այն մասին, թե տարեկան քանի մարդ կարող է ունենալ նման բուժման կարիք:

Խնդրի լավագույն լուծումը, ըստ մասնագետի, այն կլիներ, որ ավելացվեր պետպատվերիների ապահովմանն ուղղված բյուջեն: Այդ դեպքում կլինիկաները կկարողանային պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցել բոլոր նրաց, ովքեր դրանից օգտվելու իրավունք ունեն ՝ չհայտնվելով տհաճ իրադրություններում ու ստիպված չլինելով մերժել բուժման կարիք ունեցող հիվանդներին:

Բացի դրանից, պետպատվերով բուժում իրականացնելու ոլորտը, մասնագետի կարծիքով, ավելի լավ կազմակերպման ու կանոնակարգման կարիք ունի: Մասնավորապես պետք է ավելի հստակ ամրագրել, թե ով եւ ինչ կարգով պետք է բուժում ստանա պետպատվերի շրջանակում: