Բժշկական սխալը ոչ թե իրավաբանական տերմին է, այլ բարեխիղճ մոլորության, հիվանդության սրընթաց զարգացման, կամ ախտորոշիչ գործիքների ու տեխնոլոգիաների անբավարար ճշգրտության հետեւանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ «Հերացի» թիվ 1

հիվանդանոցային համալիրիի ռադիոլոգիայի կենտրոնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, արդյոք նոր ՄՌ–տոմոգրաֆը կօգնի խուսափել բժշկական սխալներից:

 «Նույնիսկ առողջապահական ամենազարգացած համակարգեր ունեցող երկրներում բժշկական սխալների պատճառով մահեր են արձանագրվում, օրինակ ԱՄՆ –ում այդ թիվը կազմում է 40-90 հազար տարեկան: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ բժշկական սխալը հանցագործություն է: Ես ուզում եմ, որ մենք հատուկ արձանագրենք դա: Դա մեզ թույլ կտա ընդունել այդ սխալները ու չխուսափել դրանց հրապարակային քննարկումից»,-ասել է նա՝ նշելով, որ հասարակության բացասական գնահատականները տարիներ շարունակ խոչընդոտել են այս հարցերի քննարկմանը, մինչդեռ այդ քննարկումները կարող են նպաստել հետագայում նման սխալների կանխմանը:

Պատասխանելով այն հարցին, արդյոք բժշկական սխալը ենթադրում է պատասխանատվություն, նախարարը նորից կրկնեց, որ բժշկական սխալը իրավաբանական տերմին չէ, իսկ պատասխանատվությունը՝ վարչական կամ քրեական, արդեն իրավաբանական հասկացություններ են: