Վատ չէր լինի Հայաստանում բացել Կոկրենյան համագործակցության բաժանմունք՝ համարում է բրիտանական Կոկրենյան համագործակցության բահրեյնյան բաժանմունքի (Բահրեյնի թագավորություն, Մանամա) բժիշկ Զբիշ Ֆեդորովիչը:

Զբիշ Ֆեդորովիչը Հայաստան է ժամանել ապացուցողական բժշկության թեմայով գիտաժողովին մասնակցելու եւ այստեղ՝ բժշկական ուղեցույցների մշակմանը նվիրված դասընթացներ անցկացնելու համար: Ինչպես նա պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում՝ անցած տարի նա նույնպես եկել էր Հայաստան ու պատմել Կոկրենյան սիստեմատիկ ամփոփագրերի մասին: Որոշ մասնագետներ, կարծես, շատ հետաքրքրված էին իրենց լսածով, սակայն հավանաբար ժամանակ չեն գտել, որեւէ քայլ ձեռնարկելու համար, որպեսզի միանան այդ գործըթնացին, կամ գուցե պարզապես կորցրել են իրենց հետաքրքրությունը:

Այս տարի Զբիշ Ֆյոդորովիչի հետ միասին Հայաստան է եկել նաեւ Կոկրենյան համագործակցության նախագահը:

«Մենք հույս ունենք, որ նրա ներկայությունը կօգնի քայլեր անել՝ Հայաստանում Կոկրենյան համագործակցության բաժանմունք բացելու համար»,- նկատեց Զբիշ Ֆեդորովիչը:

Կոկրենյան համագործակցությունը հիմնադրվել է ավելի քան 20 տարի առաջ ու միավորում է 30 000 կամավոր գիտնականների՝ աշխարհի 130 երկրներից: Այն միջազգային ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ուսումնասիրում է բժշկական միջոցների ու մեթոդների արդյունավետությունը ու անց է կացնում վերահսկվող հետազոտություններ, որոնց արդյունքները համակարգային տեսությունների, մետա-վերլուծական նյութերի ձեւով հրապարակվում է Համագործակցության տվյալների բազայում՝ The Cochrane Library-ում:

Կոկրենյան համագործակցության կենտրոնները նաեւ զբաղվում են գիտական հիմքով կլինիկական ուղեցույցներ ստեղծելով: