Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոնում գրանցվել է թունավորման նոր դեպք, որը ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է կլինիկայի տնօրեն Արմեն Խաչատրյանը, կապ չունի նախորդ թունավորումների հետ:

Նրա խոսքով, հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բացման օրվանից տարբեր՝ այդ թվում աղիքային ինֆեկցիաներով հիվանդներ են ընդունվում, դա հիվանդանոցի ամենօրյա սովորական գործունեության մի մասն է: Այո, զանգվածային թունավորումների դեպքերը,  որոնք եղել են մի քանի օր առաջ, արտառոց էին, բայց բռնկումները կարծես արդեն ավարտվել են, իսկ ժամանակ առ ժամանակ հիվանդանոց ընդունվող մեկ -երկու հիվանդը սովորական երեւույթ են:

«Հիմա մեր վիճակը շատ ավելի լավ է, քան մի քանի օր առաջ: Մեր հիվանդանոցում գտնվող հիվանդներն արդեն ապաքինվում են ու դուրս են գրվում»,- նշեց տնօրենը:

Հիմա, նրա խոսքով կլինիկայում 8 հիվանդ կա, որոնց մի մասին վարակաբանները ծրագրում են դուրս գրել հենց վաղը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Շիրակի ու Արագածոտնի մարզերում գրանցվել էին զանգվածային թունավորումների դեպքեր, որոնց պատճառը, ինչպես պարզվեց,  ջրի նորմերին չհամապատասխանող աղտոտվածությունն էր: Ջրի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, մասնագետների խոսքով, նպաստել են աղիքային ինֆեկցիաների նոր դեպքերի թվի կրճատմանը ու իրավիճակի կայունացմանը: