Այն դեղամիջոցները որոնք նախատեսված են ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու համար, իրականում կարող են ավելացնել վարակվելու հավանականությունը, քանի որ դրանք օգտագործող մարդիկ իրենց ավելի պաշտպանված կզգան ու կհրաժարվեն պահպանակներից: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի փորձագետները:
Միանգամից երկու նոր հետազոտություններ ցույց են տվել՝ վարակի փոխանցման հավանականությունը զգալիորեն նվազեցնող դեղամիջոցների օգնությամբ ՄԻԱՎ-ի այսպես կոչված մինչկոնտակտային կանխարգելման արդյունավետությունը: Կանխարգելման արդյունավետությունը գնահատել են ռիսկի խմբերում, որոնցում ընդգրկված էին նաեւ համասեռամոլները ու բիսեքսուալները: Խոսքը «տրուվադա» դեղամիջոցի մասին է, որի գործածումը մի քանի անգամ նվազեցրել է ՄԻԱՎ-ի փոխանցումը վարակված զուգընկերներից առողջներին:
Սակայն Գլազգոյի համալսարանի փորձագետները համարում են, որ այս դեղամիջոցնի քարոզումը կարող է ավելացնել վարակվածների ընդհանուր թիվը, քանի որ զուգընկերները կհրաժարվեն պահպանակի գործածումից, վստահ լինելով, որ իրենց վտանգ չի սպառնում: Նշենք, որ գիտականները մինչկոնտակտային կանխարգելումը ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականության նվազեցմոն շատ արդյունավետ մեթոդ են համարում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել պահպանակներից:
Ավելին, առայժմ համոզիչ տվյալներ չկան այն մասին, թե տրուվադայի գործածման դեպքում որքան է նվազում ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը, եթե զուգընկերնեը հրաժարվում են պահպանակների գործածումից: Դրա փոխարեն նշում են, որ հատկապես երիտասարդների շրջանում՝ պաշտպանիչ դեղամիջոցների գործածման դեպքում պահպանակներից հրաժարվելու մտահոգիչ միտում է նկատվում: Գիտնականները ասում են, որ պահպանակների միջոցով ՄԻԱՎ-ից պաշտպանվելու պրակտիկան, որը ձեւավորվել էր 30 տարվա ընթացքում, կարող է մնալ անցյալում, եւ վարակի նոր համաճարակը նորից իրականություն կդառնա:






