ՀՀ առողջապահության նախարարությունը երեխաների շրջանում սուր թունավորումներից խուսափելու համար կոչ է անում ծնողներին`
- Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաեւ դեղորայքը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։
- Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
- Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների եւ տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:
Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության եւ մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը լրագրողների հետ հենց կլինիկայում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ տանը պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութերը, մաքրող, լվացող որոշ հեղուկները, որոնք պարունակում են հիմքեր եւ թթուներ եւ կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Այլ վտանգավոր նյութերից նշվեցին լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:
Կարող են չափազանց վտանգավոր լինել նաեւ դեղորայքային թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային եւ ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը եւ այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները եւ դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է:
Մասնագետները խորհուրդ տվեցին երեխաների նման թունավորումների դեպքում 82-82 հեռախոսահամարով արագ դիմել մասնագիտացված միակ կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը եւ բուժում անհրաժեշտ իրականացնել:
ՀՀ առողջապահության նախարարության պետական նպատակային ծրագրի շրջանակում գործում է նաեւ երեխաների անհետաձգելի արտագնա բուժօգնություն, որի շրջանակում Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության եւ մանկական վերակենդանացման կլինիկան իրականացնում է անհրաժեշտ ծառայություն։ Կլինիկան այդ նպատակների համար ունի նաեւ ռեանիմոբիլ։
Հիշենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով եւ մասնագիտական օգնություն ցուցաբերելով։






