«Պետք է փաստենք, որ այս տարի զարգացման նոր բարձրանիշ ենք վերցրել: Տարեցտարի փորձի փոխանակման նպատակով նորանոր մասնագետներ են ժամանում Հայաստան»: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ողջունելով Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ տարեկան երկօրյա գիտաժողովի մասնակիցներին։

Հայաստանում ուրոլոգիական ծառայությունը զարգացնելու գործում նա առանձնահատուկ ընդգծեց Սփյուռքի անվանի հայ մասնագետների անգնահատելի դերակատարությունը:

Արմեն Մուրադյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ գիտաժողովի մասնակիցներին կտրվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պաշտոնական, տեսական և գործնական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք առաջիկայում հավաստագրման կենտրոնի կողմից տրվող մասնագիտական գործունեություն իրականացնելու անհրաժեշտ պայման են հանդիսանալու: 

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` հերթական գիտաժողովը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի վերլուծել ողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, սահմանել գերակայությունները և ուրվագծել հետագա զարգացման ուղիները:

Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիացի նախագահ Արթուր Գրաբսկին նշեց, որ կազմակերպվող տարեկան գիտաժողովներն ամենախոշոր մասնագիտական միջոցառումներն են, որոնք Հայաստանի ուրոլոգներին հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտի նորարարություններին: 

«Այս տարի գիտաժողովի շրջանակում տեղի կունենա մոսկովյան ուրոլոգիական դպրոցի դասընթաց, որը նվիրված կլինի ուռուցքաուրոլոգիային և ստորին միզուղիների օրգանների ֆունկցիոնալ խանգարումներին: Լապարոսկոպիկ ուրոլոգիայի քննարկման ժամանակ նախատեսված է վիրահատության փուլերի ուղիղ հեռարձակում: Ռեզիդենտների և երիտասարդ ուրոլոգների համար առաջին անգամ կանցկացվի նաև լապորոսկոպիկ ուրոլոգիայի դասընթաց», - նշեց կառույցի ղեկավարը: 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը իր ելույթում նկատեց, որ ուրոլոգիան շնորհիվ արտերկրի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փորձի փոխանակման վերջին տարիներին մեր երկրում սրընթաց վերելք է ապրել: 

Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակն ընդգրկուն է: Դրանք վերաբերվում են ժամանակակից գործնական ուրոլոգիայի գիտական և տեսական լուծումներ պահանջող արդիական մի շարք խնդիրների: 

Հիմնադրման առաջին իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է համաշխարային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրացման ուղին: 

Մասնակիցների խոսքով` Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ գիտաժողովը ամենամյա մասնագիտական ամենալուրջ ստուգատեսն է, թե՛ անհատ մասնագետ ուրոլոգների, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար: 

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ տարեկան երկօրյա գիտաժողովը «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ում համախմբեց ԱՊՀ երկրների և ԱՄՆ-ի, համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: 

Արդեն 17 տարի է, ինչ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպում է ամենամյա հավաքներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, բարձր պատրաստվածության և համախմբվածության մասին: