Ասպիրինի առօրյա օգտագործումը նվազեցնում է կանանց մոտ ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի ուռուցքաբանության Ազգային ինստիտուտի աշխատակիցները՝ իրականացնելով հետազոտություններ, որոնց մասնակիցներն են դարձել 20 հազար կին, որոնցից 8 հազարը հիվանդ է եղել ձվարանների քաղցկեղով: Նրանք փորձել են պարզել, թե ինչպես է ազդում ասպիրինի (կամ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղասմիջոցների՝ՈՍՀԴ -ի), ինչպես նաեւ ացետամենոֆենի ընդունումը ձվարանների քաղցկեղի զարգացման վրա:
Մասնակիցների 18%-ն ընդունել են ասպիրին, 24%-ը՝ ասպիրին չպարունակող ՈՍՀԴ (իբուպրոֆեն, նապրոքսեն), իսկ 16%-ը՝ ացետամինոֆեն: Ամեն օր ասպիրին ստացողները ձվարանների քաղցկեղի զարգացման 20%-ով ավելի քիչ ռիսկ են ունեցել, քան նրանք, ովքեր շաբաթական մեկ անգամ են ընդունել ասպիրին:
Գիտնականները նշել են, որ հիվանդությունների առաջացման ռիսկը 10% -ով ավելի ցածր է եղել շաբաթական գոնե մեկ անգամ ասպիրին չպարունակող ՈՍՀԴ ընդունողների մոտ, քան նրանց, ովքեր ավելի հազվադեպ են ընդունել դեղամիջոցներ, ասվում է Journal of the National Cancer Institute ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է Newsmax Health-ը:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ասպիրինի ընդունումը (նախկինում ապացուցվել էր նրա արդյունավետությունը ինֆարկտի կանխարգելման հարցում) կարող է նվազեցնել ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկը: Այնուամենայնիվ, մեր արդյունքները չպետք է ազդեն ընթացիկ պրակտիկայի վրա:Անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազտություններ՝ ուսումնասիրելու համար այս պոտենցիալ քիմիոպրոֆիլակտիկ միացության ռիսկի եւ օգուտի նուրբ հավասարակշռությունը, ինչպես նաեւ բացահայտելու համար, թե ինչպես է ասպիրինը կանխարգելում մահացու հիվանդությունը»,- մեկնաբանում է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Բրիթթոն Տրաբերտը:
Այնուամենայնիվ, ասպիրինի կանոնավոր օգտագործումը կարող է այնպիսի կողմնակի ազդեցություններ առաջացնել, ինչպիսին են մարսողական համակարգի արյունահոսությունները եւ ինսուլտները:






