Վերարտադրողական առողջության եւ ընտանիքի պլանավորման խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՝ սեպտեմբերի 26-ին, նշվում է Հակաբեղմնավորման համաշխարհային օրը:
Այս օրվա միջոցառումների հիմնական նպատակն է նվազեցնել չպլանավորված հղությունների ու հղիությունների արհեստական ընդհատումների, նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը: Օրվա հիմնական կարգախոսն է «Contraception: It’s Your Life, it’s your responsibility», ինչը թարգմանաբար նշանակում է «Հակաբեղմավորում. քո կյանքն է եւ քո պատասխանատվությունը»:
Մեր ժամանակներում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում հակաբեղմնավորիչների մասին գիտելիքների տարածման մեծ պահանջ կա՝ ընդ որում թե զարգացած թե զարգացող երկրներում: Հայաստանում այս խնդիրը նունպես շատ արդիական է, քանի որ սեռական կյանքով ապրող զույգերից շատերը չգիտեն հակաբեղմնավորիչների բոլոր հասանելի մեթոդների մասին, իսկ հղիությունների արհեստական ընդհատումների թիվը մեր երկրում շատ բարձր է մնում: Միեւնույն ժամանակ հակաբեղմնավորիչների թեման , որպես այդպիսին, շատերի համար ամոթալի է համարվում, եւ այն խուսափում են քննարկել թե զուգընկերոջ, թե մասնագետների հետ:
Հակաբեղմնավորման համաշխարհային օրվա նախաձեռնող կազմակերպիչները դավանում են այն սկզբունքը, որ յուրաքանչյուր հղիություն պետք է ցանկալի լինի, ու իրենց ուժերն ուղղում են նրան, որ առավելագույնս բարձացնեն բնակչության տեղեկացվածությունը հակաբեղմնավորման միջոցների ու մեթոդների մասին, մարդկանց հնարավորություն տան կայացնել ինքնուրույն ու գիտակից որոշումներ՝ սեռական ու վերարտադրողական առողջության հարցերի վերաբերյալ, խուսափել անցանկալի հղիություններից:






