Մոր ու մանկան առողջության դաշինքը, որը միավորում է մայրական ու մանկական առողջության ոլորտում աշխատող մի շարք կազմակերպությունների, ստեղծվել է 2011 թ. ու այդ ժամանակվանից ի վեր շատ աշխատանք է արել: Այսօր, սեպտեմբերի 26-ին, դաշինքի մասնագետները հավաքվել են, որպեսզի քննարկեն մոր եւ մանկան առողջապահության ոլորտի քաղաքականությունը, բացահայտեն ոլորտում առկա խնդիրները ու գտնեն դրանց լուծման ուղիները: Այս մասին լրագրողներին պատմել է «Վոռլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Դաշինքը, ինչպես նշեց մասնագետը, աջակցել է բարեփոխումների ընդունմանը, պետական ծրագրերի իրականացմանը, մոր եւ մանկան առողջության ոլորտում պետական քաղաքականության եւ մարտավարության կատարելագործմանը: Հասարակական ու պետական սեկտորների սերտ համագործակցությունը բերել է իր պտուղները. Օրինակ, ինչպես նշեց Ժիրայր Էդիլյանը, Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը նկատելիորեն նվազել է, նվազել են նաեւ կոռուպցիոն ռիսկերը ՝ երեխաներին բուժծառայություններ մատուցելու ոլորտում: Միեւնույն ժամանակ Հայաստանի մարզերում բարելավվել է բուժծառայությունների որակը եւ երեխաների հաշմանդամության պատճառ դարձող խնդիրների ախտորոշումը, նաեւ ներդրվել են կարեւոր սքրինինգային ծրագրեր:
Օրինակ, անցյալում երկրի մարզերում գրեթե չկային տեխնոլոգիաներ՝ հղիության ընթացքում պտղի զարգացման խնդիրների ախտորոշման համար: Իսկ հիմա շատ մարզային կլինիկաներ ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մասնագետներն անցել են վերապատրաստում, ինչը օգնել է զգալիորեն բարելավել այն խնդիրների ներարգանդային ախտորոշումը, որոնց վաղ հայտնաբերումը կարող է օգնել խուսափել հետագա բարդացումներից:
Մեկ այլ կարեւոր օրինակ է լսողական խնդիրների ախտորոշումը: Անցյալում այդ խնդիրները բավականին ուշ էին հայտնաբերվում, երբ ծնողները նկատում էին, որ երեխան չի արձագանքում ձայներին: Իսկ հիմա որոշ մարզային կլինիկաներում ներդրված է սարքավորում, որի օգնությամբ կարելի է ստուգել երեխայի լսողությունը նրա ծնվելուց անմիջապես հետո: Այդ ամենը կարեւոր դեր է կատարել մոր եւ մանկան առողջության ոլորտում:
Բնականաբար այս ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ են մնում, սակայն մասնագետները վստահ են, որ դրանք կհաջողվի լուծել համագործակցության ու փոխըմբռնման միջոցով:






