Գրեթե բոլոր երեխաներն էլ երբեւէ ընկել են մահճակալից, բայց ծնողներից քչերն են ուշադրության դարձնում դրան: Սակայն 11-ամյա անգլուհի Շենոն Մեննինգի համար մահճակալից ընկելը ճակատագրական էր դարձել. Նա վնասել էր գլուխը, որից ուղեղում պայթել էր արյունատար անոթը ու արյունահեղություն էր սկսվել:
Եվ այսպես Շենոնը դարձել է Մեծ Բրիտանիայի այն 10 երեխաներից մեկը, որոնք ինսուլտ են տարել նման վաղ տարիքում:
Ընկնելուց հետո Շենոնի մոտ ուժեղ գլխացավեր էին սկսվել, իսկ մեկուկես ժամ հետո նրա մայրը հասկացել էր, որ դստեր հետ ինչ- որ բան այն չէ, քանի որ աղջկա դեմքի ձախ կեսը ծռվել էր: Ինսուլտը կաթվածահար էր արել երեխայի մարմնի ձախ մասը, ու նա միայն մի քանի ամսվա ինտենսիվ ֆիզիոթերապիայից հետո է նորից կարողացել քայլել: Որոշ ժամանակ առաջ Շենոնը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ հետո նույնիսկ առանց կողմնակի օգնության գնացել է հավաքույթի ՝ 6-րդ դասարանը ավարտելու կապակցությամբ:
«Բոլորը կարծում են, թե ինսուլտը միայն մեծահասակների հետ է պատահում,- պատմում է աղջկա մայրը,- Բոլոր արտաքին նշաններով ես հասկանում էի, որ նա ինսուլտ է տարել, բայցեւայնպես ես ցնցված էի, երբ բժիշկները հաստատեցին իմ կասկածները: Շենոնը հրաշալի հաղթահարեց իր հիվանդությունը . առաջին իսկ օրվանից նա անում էր ամեն ինչ, որպեսզի շուտ դուրս գրվի հիվանդանոցից: Նրա դեմքից երբեք չէր անհետանում ժպիտը»:










