2010-2014թթ. Հայաստանում գրանցվել են վայրի կենդանիների հարձակումների ու խայթոցների բազմաթիվ դեպքեր, սակայն կատաղության հետեւանքով մահացության ոչ մի դեպք չի եղել, ինչը ժամանակին բժշկին դիմելու եւ կատաղության դեմ պատվաստում ստանալու արդյունքն է: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի առանձնահատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու շնչառական վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում կատաղության հետեւանքով վերջին մահերը արձանագրվել են 2008 եւ 2009 թթ.: 2008-ին գրանցվել էր մեկ մահ Շիրակում, իսկ 2009-ին՝ երկու մահ Լոռիում: Բոլոր երեք դեպքերում էլ ողբերգության պատճառն այն է եղել, որ խայթոցներից ու վնասվածքներից հետո տուժածները բժշկի չեն դիմել, կարծելով թե ոչ մի արսափելի բան չի պատահի:
Ինչպես նկատեց Լիանա Թորոսյանը՝ 2014թ.-ին կենդանիների հարձակման զոհ է դարձել 2600 մարդ (որոնցից 900-ը Երեւանից) 2013 թ.-ին՝ 2700 մարդ (1000-ը Երեւանից): Նրանք բոլորը կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներ էին ստացել, որոնց շնորհիվ էլ խայթոցների հետեւանքով նրանց մոտ ոչ մի խնդիր չի առաջացել:
Ի՞նչ անել, եթե ձեզ խայթել կամ ճանկռել է կենդանին
Եթե ձեռքի տակ մաքուր ջուր կա, վերքը լվացեք ջրով ու օճառով ու անմիջապես դիմեք տեղի ամբուլատորիա կամ էլ լայն պրոֆիլի ցանկացած կլինիկա: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ հնարավորինս շուտ: Անտեսել չի կարելի կենդանիների հասցրած նույնիսկ փոքր վերքերը: Պետք է բժշկի դիմել նաեւ եթե մաշկի վրա է հայտնվել կենդանու թուքը, նույնիսկ եթե մաշկն արտաքուստ վնասված չէ. կատաղության վիրուսը կարող է հայտնվել օրգանիզմում նույնիսկ մաշկի միկրովնասվածքների միջոցով:






