Կատաղությունը հարյուրտոկոսով մահացու հիվանդություն է, եթե անմիջապես վարակվելուց հետո համապատասխան քայլեր չձեռնարկեք: Ամեն տարի ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են կատաղության վիրուսի զոհը, միայն որովհետեւ կենդանիների կծելուց կամ խայթելուց հետո անմիպես բժշկի չեն դիմում:

Այն մասին, թե ինչ է կատաղությունը եւ ինչպես կարելի է դրանից խուսափել, մեզ պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ի՞նչ է կատաղությունը

Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որի հիմնական վարակակիրներն են համարվում հիվանդ կենդանիները: Կատաղությունից բուժում դեռ չկա, ու եթե վարակված կենդանու կծելուց հետո զարգանում է կատաղություն հիվանդությունը, ապա այն արդեն հնարավոր չէ կանգնեցնել, այն ի վերջո կսպանի տուժածին: Հենց դրա համար է այդքան կարեւոր  կանխարգելումը՝ այսինքն պատվաստումը, որն արվում է հատուկ սխեմայով՝ կծելուց անմիջապես հետո:

Ինչպե՞ս են մարդիկ վարակվում կատաղությամբ

Ինչպես արդեն ասացինք, մարդը կարող է կատաղությամբ վարակվել հիվանդ կենդանուց՝ թե վայրի, թե ընտանի: Հիմնականում կատաղության վիրուսը տարածում են թափառական շները, կատուները ու առնետները: Իսկ վայրի կենդանիներից՝ հիմնականում աղվեսները, գայլերը, արջերը ու չղջիկները:

Եթե հիվանդ կենդանին կծում կամ ճանկռում է մարդուն, վիրուսը հայտնվում է նրա օրգանիզմում ու քայքայում նրա նյարդային համակարգը՝ առաջացնելով ծանր վանսվածքներ, որոնք մահվան պատճառ են դառնում: Հետաքիքիր է, որ կատաղության վիրուսով կարելի է վարակվել նույնիսկ հիվանդ կենդանու թքից, եթե այն հայտնվում է մարդու մաշկի վրա, նույնիսկ եթե մաշկի ամբողջականությունը չի վնասվում: Մաշկի վրա կան աչքին անտեսանելի միկրոճեղքեր, որոնց միջով վիրուսը մտնում է օրգանիզմ ու անում իր գործը:

Ինչպե՞ս է դրսեւորվում հիվանդությունը

Հիվանդությունը կարող է չդրսեւորվել մեկ շաբաթվա կամ նույնիսկ մեկ տարվա ընթացքում, բայց այն դանդաղորեն զարգանում է օրգանիզմում: Իսկ ախտանիշների հայտնվելուց հետո այն սովորաբար երեք փուլի է բաժանվում. առաջին փուլի ժամանակ հիվանդի մոտ հազ է սկսվում եւ տենդ, թվում է թե նա մրսել է կամ գրիպ է հիվանդացել: Իսկ կծած տեղը սկսում է ուժեղ ցավալ, քոր գալ եւ կարմրել:

Հետո սկսվում է երկրորդ փուլը, որի ժամանակ հիվանդը ագրեսիվ է դառնում, նյրդային, սկսում է վախենալ լույսից ու ջրից: Բացի դրանից նրա համար դժվարանում է թուքը կուլ տալը, քանի որ կուլ տալու համար պատասխանատու մկանները դադարում են աշխատել: Երրորդ փուլում սկսում է զարգանալ կաթված, որն էլ վերջին հաշվով հանգեցնում է մահվան:

Ինչպե՞ս կարելի է խուսափել վարակվելուց

Կատաղության վիրուսով վարակվելուց հետո մարդուն վնասազերծելու միակ միջոցը՝ կանխարգելիչ պատվաստում անելն է: Կենդանու կծելուց կամ ցանկացած այլ տեսակի հարձակումից անմիջապես հետո անհրաժեշտ է դիմել բժշկի ու ստանալ պատվաստանյութ՝ գոյություն ունեցող սխեմաներից որեւէ մեկով: Հնարավորության դեպքում  բժիշկները միշտ 14 օրվա ընթացքում հետեւում են հարձակված կենդանուն,  որպեսզի կողմնորոշվեն ներարկումների սխեմայի ընտրության հարցում: Եթե կենդանին 14 օր հետո ողջ է ու առողջ է թվում, ապա բժիշկները սովորաբար սահմանափակվում են երեք ներարկումով, եթե իհարկե կենդանին չի կծել մարդու ձեռքը, վիզը կամ գլուխը: Եթե կենդանուն հետեւելու հնարավորություն չկա, կամ էլ եթե կենդանին կծել է վերոնշյալ հատվածների որեւէ մեկը, ուրեմն սովորաբար 6 ներարկում են անում, առաջինը՝ հնարավորինս շուտ, ցանկալի է կծելուց անմիջապես հետո, իսկ մնացածը՝ 3, 7, 14, 30 եւ 90 օր հետո:

Այս պատվաստումները օրգանիզմը պաշտպանում են կատաղության զարգացումից, ու այս պահին դրանք այս հիվանդության կանխարգելման միակ միջոցն են: Եթե ձեզ կծել է որեւէ կենդանի, անպայման հնարավորինս շուտ դիմեք մոտակա պոլիկլինիկա կամ հիվանդանոց: