Անցած 20 տարվա ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանին հաջողվել է շատ խնդիրներ լուծել։ Այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ժամանակ։

Իմունականխարգելմանը, երեխաների առողջ զարգացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված եւ մի շարք այլ, այդ թվում` հանրային առողջապահական ծրագրերի շնորհիվ նկատելի նվազել են մինչեւ 5 տարեկան երեխաների եւ մայրական մահացության ցուցանիշները, բարելավվել է երեխաների առողջությունը։

«Վերջին հինգ տարում իրականացված համատեղ ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններն առավել ակնառու են»,-շեշտեց նախարարը` հույս հայտնելով, որ կհաջողվի այսուհետ խորացնել այդ ձեռքբերումները։

Տանյա Ռադոչայը շնորհակալություն հայտնելով Արմեն Մուրադյանին արդյունավետ համագործակցության համար` պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքը արդեն իսկ հաջողություններ արձանագրած թիմի հետ։

«Հատկապես տպավորիչ է, որ մայրական եւ մանկական մահացության ցուցանիշների բարելավումով մոտենում եք հազարամյակի նպատակներին»,-ասաց Տանյա Ռադոչայը` նշելով, որ վերջերս հաստատված Կայուն զարգացման նպատակները հստակեցնում են անելիքները մինչեւ 2030 թվականը։

Արմեն Մուրադյանը հավելեց, որ Հայաստանը լուրջ ձեռքբերումների է հասել նաեւ իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ։ Երկրում վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը ցածր է 1 տոկոսից։ Նախարարը շեշտեց, որ երկիրը շատ է կարեւորում ինչպես բարձրորակ պատվաստումների ձեռքբերումը, այնպես էլ` պատվաստումների բարձր ընդգրկվածության ապահովումը։ Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը 2015թ. գրեթե կրկնապատկել է ծրագրի ֆինանսավորումը։

Տանյա Ռադոչայը հիշատակեց, որ անցած տարի աշխարհի տարբեր երկրներում վարակիչ հիվանդությունների բռնկումներ արձանագրվեցին, մինչդեռ Հայաստանը կարողացավ զարծ մնալ դրանից, թեեւ հարեւան վրաստանում կարմրուկի մեծ բռնկում կար։

ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ ստորագրված համագործակցության 5-ամյա ռազմավարական փաստաթղթի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ ստորագրվել է 2014-2015թթ. գործողությունների երկամյա ծրագիր:

Տանյա Ռադոչայն առաջարկեց համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ավելի համակարգված եւ արդյունավետ համագործակցելու նպատակով։ Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց շարունակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։