Հանրային առողջապահական ծրագրերը շատ երկրներում են հասարակության կողմից դժվար ընկալվում։ Շատ դեպքերում էլ հակաքարոզչությունը ծառայեցվում է այլ շահերի։ Այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ։

Արմեն Մուրադյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 2007թ. սկսած մեծ ճանապարհ է անցել։ Սակայն հանրության որոշ խմբեր փորձում են լարվածություն ստեղծել։

«Մենք վստահ ենք, որ դա օգտակար ծրագիր է։ Եվ հաստատակամ ենք հարցը հուզական դաշտից մասնագիտական, ապացուցողական բժշկության վրա հիմնված քննարկումների դաշտ տեղափոխելու գործում»,-ասաց նախարարը` ներկայացնելով, նախարարությունը դաշտը հագեցրել է տարբեր խոշոր համալսարաններից ստացված ծանրակշիռ նյութերով։

Երկուստեք համաձայնեցին, որ հանրային առողջապահական ծրագրերը հանրության կողմից դժվար են գնահատվում, քանզի դրանց արդյունքները ակնհայտ են դառնում տարիների ընթացքում։