Երեւանում գրիպի սեզոնին ընդառաջ անցկացվում է հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների մասնագետների սեմինար-խորհրդակցություն «Գրիպի բարդություններով հիվանդների կլինիկական վարումը» խորագրով։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, այս տարվա աշխատաժողովի հիմնական մասնակիցներն են մարզային հիվանդանոցներից ժամանած մասնագետները, որոնց հետ փորձով եւ գիտելիքներով կիսվելու համար Հայաստան են ժամանել 4 փորձագետ Առողջապահական Համաշխարհային Կազմեկերպությունից (ԱՀԿ):

«Աշխատաժողովի հիմնական նպատակն է անեսթեզիոլոգներին եւ ռեանիմատոլոգներին ծանոթացնել գրիպի բարդություններին, բուժման ճիշտ ռազմավարությանը, հակամիկրոբային եւ հակավիրուսային պատրաստուկների ճիշտ եւ ժամանակին կիրառմանը, հիվանդի վիճակի ճիշտ գնահատմանը», - նշեց Լիանա Թորոսյանը:

Շատ կարեւոր է, որ հենց անեսթեզիոլոգներն ու ռեանիմատոլոգները քաջ ծանոթ լինեն գրիպի բարդությունների ճիշտ վարմանը, քանի որ նման բարդություններով պացիենտները բուժվում են հենց վերակենդանացման բաժանմունքներում:

Նման աշխատաժողովներ անցկացնելու փորձը, մասնագետի խոսքով, Հայաստանում դեռ 2010 թվականից է ներդրված, բայց այս տարի կա նաեւ մեկ նորամուծություն. Հայաստանում որպես մոդելային երկրում անցնում են ոչ միայն դասընթացներ եւ քննարկումներ, այլեւ պրակտիկ դասեր՝ Երեւանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, որտեղ սեմինարի մասնակիցները հնարավորություն են ստանում գործնականում ծանոթանալ ոլորտի բոլոր նորամուծություններին: