Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր ամբողջ աշխարհում նշվում է Սրտի համաշխարհային օրը, ինչի կապակցությամբ էլ ՀՀ Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանում սրտի հիվանդությունների վերաբերյալ վիճակագրությունը:
2014 թ. Հայաստանում արձանագրվել է սրտանոթային հիվանդությունների 68 898 նոր դեպք, որոնցից 17 097-ը սրտի իշեմիկ հիվանդության դեպքեր են, 2083-ը՝ ինֆարկտի, ու 4277-ը՝ ստենոկարդիայի: Այդ նույն ժամանակահատվածում 8483 մարդ սրտի իշեմիկ հիվանդության զոհ է դարձել, որոնցից 2386- ը մահացել են ինֆարկտից: Ստացվում է, որ սրտանոթային համակարգի հիվանդությունների մահերի 65 տոկոսը կապակցված է սրտի իշեմիկ հիվանդության հետ:
Իսկ աշխարհում սրտանոթային հիվանդութունները տարեկան 17 միլիոն մարդու կյանք են խլում: Թե հիվանդությունների, թե մահերի մեծ մասը կարելի է կանխել մի շարք միջոցառումներով, մասնավորապես կանխարգելիչ հետազոտությունների ու առողջ կենսակերպի օգնությամբ: Ավելին՝ սրտանոթային հիվանդությունների հիվանդացությունը նվազեցնելու, դրանք ախտորոշումը եւ վերահսկողությունը լավացնելու նպատակով ԱՀԿ մասնագետները կազմակերպության անդամ երկրների համար 9 գլոբալ նպատակներ են մշակել ու 25 ցուցանիշ՝ դրանց հասնելու համար: Ինչպես նշեց Ծաղիկ Վարդանյանը, ադ նպատակներից են առողջ կենսակերպի քարոզումը, աղի գործածման սահմանափակումը, ֆիզիկական ակտիվությունը, ծխելուց հրաժարվելը եւ այլն:
Ինչ վերաբերում է կանխարգելիչ հետազոտություններին, ապա դրանք արդեն անց են կացվում Հայաստանում՝ սքրինինգային ծրագրի շրջանակում, որին շատերն են մասնակցում ու հետազոտվում:






