Հասարակությունը պետք է դադարի բուժքույրերին վերաբերվել որպես աղջիկների, որոնք միայն սրսկել են կարողանում: Բուժքույրը կարող է լինել լուրջ պրոֆեսիոնալ, որը հիվանդի հետ նույնիսկ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան բժիշկը, դրա համար էլ կարեւոր է որ հասարակությունը սկսի ավելի շատ գնահատել բուժքույրերին: NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության Կայ դելտա մասնաճյուղի նախագահ Վարդուհի Ավետիսյանը:
Նրա խոսքով, բուժքույրը պարզապես բժշկի օգնականը չէ, այլ ինքնուրույն մասնագետ: Զարգացած երկրներում կան պրոֆեսոր բուժքույրեր, որոնք զբաղվում են հետազոտական աշխատանքով ու շատ լուրջ մասնագետներ են համարվում: Լավ կլիներ, եթե Հայաստանում նույնպես հաջողվեր այդքան զարգացնել բուժքույրական գործը:
«Մենք ուզում ենք, որ Հայաստանում բուժքույրերը հետազոտական աշխատանքով զբաղվեն, մագիստրոսներ դառնան, զարգանան», - նշեց մասնագետը:
Առայժմ ցանկալի արդյունքներին հասնել չի հաջողվում: Պատճառները շատ են, բայցեւայնպես այս հարցում որոշակի առաջխաղացումներ արդեն նկատելի են, նշեց Վարդուհի Ավետիսյանը: Օրինակ այստեղ կա բաժանմունք, որտեղ աղջիկները 4 տարի ամերիկյան ծրագրերով սովորում են բուժքույրական գործ եւ աշխատանքի կազմակերպում, իսկ վերջում ստանում են հավաստագիր, որը համարժեք է բակալավրի դիպլոմին: Ավելին, շատ հայ բուժքույրեր կրթություն են ստանում կամ նախապատրաստվում են արտասահամանում, ինչը նույնպես կարեւոր է նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար:
Այդուհանդերձ, չնայած առկա նվաճումներին, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի մեր երկրում բարձրանա բուժքույրերի դերակատարումը, նաեւ փոխվի նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը:






