Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակառետրովիրուսային դեղամիջոցների վերաբերյալ նոր ուղեցույցներ է թողարկել։

Նոր ուղեցույցների համաձայն, հակառետրովիրուսային դեղամիջոցները պիտի նշանակվեն ՄԻԱՎ վարակի ախտորոշումից հետո՝ ամենակարճ ժամկետում, անկախ CD4 բջիջների քանակից (CD4 բջիջների քանակը մարդու իմունային համակարգի ցուցիչն է)։ Այդ փաստաթղթում նաեւ խորհուրդ է ներառված․ վարակման հնարավորինս բարձր ռիսկի ենթակա մարդկանց համար ապահովել ՄԻԱՎ վարակի միջկոնտակտային կանխարգելումը։ «Այս ուղեցույցների անհապաղ կիրառումը կարող է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում արմատականորեն փոխել  ՄԻԱՎ/ՁԻԱՀ  ոլորտում առկա իրավիճակը,- ասել է  UNAIDS-ի (ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ Միասնական ծրագիրը) տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների  ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց համար բուժման համաշխարհային ստանդարտ ապահովելու եւ հարյուր հազարավոր կյանքեր փրկելու համար»։

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը մնում է աշխարհի այն հատվածներից  մեկը, որտեղ  ՄԻԱՎ-ի դեմ բուժում ստացող մարդկանց թիվն ամենափոքրն է։ UNAIDS-ի վերջին տվյալների համաձայն,  2014 թվին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միայն 19 %-ն է հակառետրովիրուսային բուժում ստացել (տարածաշրջանում ՄԻԱՎ ունեցող մեկ ու կես միլիոն մարդուց ընդամենը 285 000-ը)։ Բուժման ընդգրկումը մի շարք այլ երկրներում 40% է կազմում, ինչպես օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Սահարայից դեպի հարավ ընկած աֆրիկյան երկրներում, Կարիբյան ավազանի երկրներում, եւ շարունակում է աճել։ ԱՀԿ ուղեցույցները, որոնք նախապատրաստվել են UNAIDS-ի աջակցությամբ, պայմանավորված են նոր գիտական ապացույցների եւ արդյունքների ի հայտ գալով, որոնք կուտակվել են վերջին 12 ամիսների ընթացքում։ Մասնավորապես , ստացվել են միջազգային կլինիկական  START  (Strategic Timing of Antiretroviral Treatment) փորձարկման արդյունքները, որոնք համոզիչ կերպով ապացուցել են հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժումը հնարավորինս արագ սկսելու առավելությունները։ Ուղեցույցները կօգնեն իրականացնել UNAIDS-ի առաջարկած արագացման (Fast-Track) ռազմավարությունը, որը նախատեսում է մինչեւ 2020 թվականը մի քանի առանցքային նպատակի իրականացում։ Այդ նպատակներն են․ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պիտի իմանա իր վարակված լինելու մասին, ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին տեղյակ մարդկանց  90%-ը պիտի բուժում ստանալու հնարավորություն ունենա, ՄԻԱՎ-ից  բուժվող մարդկանց 90%-ը պիտի չորոշարկված վիրուսային ծանրաբեռնվածություն ունենա։ Առանցքային նպատակները ներառում են նաեւ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի կրճատում 75  %-ով եւ մինչեւ 2020 թվականը խտրականության իսպառ վերացում։

UNAIDS-ը եւս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք տեղեկացված լինի իր ՄԻԱՎ-կարգավիճակին եւ ինքը որոշի՝ ընդունե՞լ հակառետրովիրուսային թերապիա եւ ճշգրիտ երբ սկսել դա։ Մարդիկ պիտի ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման վերաբերյալ որոշում կայացնեն՝ տիրապետելով ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությանը եւ կամավոր կերպով։ Հակառետրովիրուսային թերապիայի  եւ մինչկոնտակտային կանխարգելման ավելի լայն եւ իրավահավասար  հասանելիության համար անհրաժեշտ կլինի ակտիվացնել գործունեությունը սոցիալական եւ իրավական խոչընդոտների վերացման ուղղությամբ ՝ այն խոչընդոտների, որոնք խանգարում են, որ ՄԻԱՎ-ով վարակված եւ վարակման առավել բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերը առողջապահական ծառայություններ ստանան։