Գիտնականներն ու բժիշկները 2017 թ. կարող են գործ ունենալ մարդու համար մահացու վտանգավոր H2N2 գրիպի վիրուսի նոր համաճարակի հետ: Այս վիրուսն առաջին անգամ բացահայտվել է 1957 թ. Ասիայում: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուս նշանավոր վարակաբան, PanaGene Ltd բիոինֆորմատիկայի բաժանմունքի տնօրեն Վլադիմիր Բլինովը:

Մասնագետի խոսքով, նոր համաճարակը հավանական է 2017 թ.: Սա պայմանավորված է վիրուսի ցիկլով, որը սովորաբար  կրկնվում է յուրաքանչյուր 60 տարին մեկ:

«Հիմա մենք հետեւում ենք H2N2-ին, բայց թռչնագրիպի ու խոզի գրիպի վիրուսների միջեւ ռեկոմբինացիա պետք է կատարվի: Ռեզերվուարը՝ աղբյուրը, պետք է խոզերը լինեն: Խոզի H2N2 վիրուսներ կան, կան նաեւ թռչունների H2N2 վիրուսներ: Այնպես որ մեր կանխատեսումները շատ հիմնավորված են »,- ասել է Բլինովը:

Նրա խոսքով, 1957 թ վիրուսից զանազան մուտացիաներով տարբերվող նոր վիրուսի տարածումը,  ամենայն հավանականությամ կսկսվի Չինաստանից, քանի որ այնտեղ խոզերի ու թռչունների պոպուլյացիաների մեծ կուտակումներ կան:  

Բլինովի կարծիքով, H2N2 նոր վիրուսը նվազ ախտածին է լինելու ՝ օրինակ H1N1 խոզագրիպի վիրուսի համեմատ, բայց միեւնույն ժամանակ դեղագործական ոլորտը պատրաստ չէ դրան, ու այդ վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութեր չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

N2H2 վիրուսն առաջին անգամ հայտնվել է Չինաստանում 1957 թ.: 1957-58 թթ. Ասիայում գրիպի համաճարակի հետեւանքով տարբեր գնահատականներով մեկից չորս միլիոն մարդ էր զոհվել: Վտանգավոր վիրուսի հաղթարշավը կանգնեցվել էր 1968 թ.: 2005 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հայտնել են, որ 1968 թ. հետո ծնվածները կարող են չունենալ այդ վիրուսի նկատմամբ իմունիտետ, քանի որ դրա դեմ պատվաստում չի կատարվում: