Հայաստանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային եւ բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայումս եւս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում եւ դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն:
Աղիքային վարակների աճ է դիտվում նաեւ աշխարհի մի շարք երկրներում՝ հատկապես բռնկումների ձեւով: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեծ աճ է արձանագրվել սննդային ծագման նորովիրուսային վարակի, Եվրոպայում՝ կամպիլոբակտերիոզների եւ այլնի: Աշխարհի բազմաթիվ երկրներ ահազանգում են զուգակցված վարակների աճի մասին:
Բացի այդ, ամբողջ աշխարհում դիտվում են կլիմայի գլոբալ տաքացման հետեւանքները: Այս տեսակետից խոցելի են նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հատկապես՝ աղիքային վարակների, այդ թվում՝ շիգելաները, խոլերայի վիբրիոնը, ամեոբիազը եւ այլն:
Հայաստանի Հանրապետությունում այս տարի աղիքային վարակների թվի աճին նպաստել են ոչ միայն աննախադեպ շոգը, այլեւ բնակչության մեծ տեղաշարժը:






