Հոկտեմբերի 4-ին Երեւանում կիսամարաթոն կանցկացվի, որի ժամանակ հավաքված միջոցները կուղվվեմ ի ծնե մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների օգնությանը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը:

Կիսամարաթոնին կմասնակցեն Run Yerevan Charity Runners Team-ի վազորդները, ինչպես նաեւ հյուրեր Ռուսաստանից, որոնց Երեւան են ժամանել հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Մարաթոնի կազմակերպիչները հույս ունեն, որ կկարողանան նվազագույնը 2 մլն դրամ հավաքել: Այդ գումարով օրթոպեդիկ կոշիկներ, սայլակներ եւ այլ հատուկ տեխնիկա կգնեն Հայաստանի անապահով ընտանիքներից ՄՈՒԿ-ով տառապող 8 երեխաների համար: Հոկտեմբերի 2-ի երեկոյան տվյալներով, արդեն ավելի քան 1 մլն դրամ է հավաքվել:

Run Yerevan-ի կազմակերպիչներից Հայկ Դավեյանը լրագրողներին պատմել է, որ սա խմբի նախաձեռնած արդեն երկրորդ միջոցառումն է: Մայիսին անցկացված միջոցառման ժամանակ հավաքված գումարով օգնություն են ցուցաբերել 15 հաշմանդամ երեխայի:

Կիսամարաթոնը կմեկնարկի հոկտեմբերի 4-ի առավոտյան, Հանրապետության հրապարակից: Մարաթոնի մասնակիցները կանցնեն հատուկ այդ առիթով փակված Երեւանի փողոցներով: Միջոցառման եւ երեխաների մասին, որոնց համար կազմակերպվել է կիսամարաթոնը, կարելի է ավելին իմանալ նախագծի պաշտոնական կայքում (http://yhm.runyerevan.org/):