Յուրաքանչյուր հայ, եթե նա մասնագիտություն ունի եւ կարողություն, իր ներդրումը պիտի անի Հայաստանում։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը, որը Ֆրեզնոյից մի խումբ բժիշկների է բերել Հայաստան տեղի բնակչությանը որակյալ բուժծառայություններ մատուցելու եւ տեղի բժիշկների հետ փորձի փոխանակման համար։
Պատվիրակության կազմում 25 մարդ կա, որոնցից 18-ը՝ բժիշկներ, ընդ որում նրանցից բոլորը չէ, որ հայեր են եւ ինչպես բացատրեց Պերճ Ապգարյանը, տվյալ առաքելության երկրորդ նպատակը հայ եւ ամերիկացի բժիշկների միջեւ կապերի հաստատումն է։
Նրա խոսքով, հայ բժիշկների համար սա իրենց հայրենիքն է, եւ նրանք պիտի այստեղ գան իրենց պարտքը կատարելու։ Արտասահմանցիների համար էլ այդ այցը հետաքրքիր է փորձի եւ գաղափարների փոխանակման առումով, եւ եթե նրանք հոգեւոր բավարարվածությամբ մեկնեն այստեղից, նրանցից յուրաքանչյուրը կկարողանա դառնալ մեր երկրի «դեսպանը» եւ այդ գործի մեջ ներգրավել այլ գործընկերների։
Ինչպես պատմել է հյուպատոսը, այս այցի գաղափարը նրա մտքում ծնվել է դեռեւս մեկ տարի առաջ՝ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆրեզնոցի բժիշկներն իրենց առաքելությունը կկատարեն շրջաններում։ Հայաստանում բժիշկների կեցության բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Ֆրեզնոյում պատվավոր հյուպատոսությունը, իսկ բժիշկները անվարձահատույց են աշխատում։
Խումբը, որում վիրաբույժներ կան, մանկաբույժներ, գինեկոլոգներ, անզգայացնողներ, հեպատոլոգն–գաստրոէնտերոլոգ, ցավի մասնագետ, դիմածնոտային մասնագետ եւ այլն, Հայաստան է եկել հոկտեմբերի 5-ին, եւ բժիշկներն արդեն աշխատել են Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Հոկտեմբերի 9-ին եւ 10-ին նրանք օգնություն են տրամադրել Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի բնակիչներին։ Մասնավորապես՝ Լոռու մարզում մանկաբույժների խումբն աշխատում է մանկատանը, իսկ Գյումրիում վիրաբույժներ կան, որոնք տեղում վիրահատություններ են կատարում։
Արտասահմանից ժամանած բժիշկներն աշխատել են նաեւ Երեւանի կլինիկաներում եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 12 տարեկան երեխայի չարորակ ուռուցքն են հեռացրել, իսկ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում ամերիկացի մասնագետները ցույց են տվել իրենց հետ բերած էնդոսկոպի հնարավորությունները։
Արտասահմանից եկած մասնագետները հոկտեմբերի 12-ից Երեւանի տարբեր հիվանդանոցներում դասախոսություններ կկարդան գաստրոլոգիայի, հեպատոլոգիայի, դիաբետի եւ ստոմատոլոգիայի վերաբերյալ։ Հոկտեմբերի 15-ին պատվիրակության հիմնական մասը կլքի Հայաստանը, իսկ Պերճ Ապգարյանը կմնա, որպեսզի քննարկի ամերիկացի բժիշկների հաջորդ այցի մանրամասները։






