Հայաստանում այսօր բացվել է Ողնաշարի մինիմալ ինվազիվ ու էնդոսկոպիկ վիրահատության ասոցացիան՝ հասարակական կազմակերպություն, որը նաեւ դարձել է ISMISS—ի (The International Society for Minimal Intervention in Spinal Surgery, Ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիայի) անդամն ու այդ ասոցացիայի  ներկայացուցիչը Հայաստանում:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ISMISS—ի նախագահ Վլադիմիր Ռադչենկոն, Ասոցացիայի բացումն ու  ISMISS—ի հետ համագործակցությունը Հայաստանում մինիմալ ինվազիվ վիրաբուժության զարգացման գործում հսկայական թռիչք անելու հնարավորություն են տալիս:

Մինիմալ ինվազիվ նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ներյովիրաբույժ Լեու Հենսյորգն էլ իր հերթին նշեց, որ սա դեռ նոր ուղղություն է, ու չնայած դրա ակնհայտ առավելություններին՝ այն երբեմն բարդ է ներդնել կլինիկական պրակտիկայում. ժամանակ է պետք, որպեսզի մասնագետներն ու հասարակությունը սովորեն այս մեթոդին ու սկսեն վստահել դրան: Իսկ պրոֆեսորն ինքը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանում մինիմալ ինվազիվ նեյրովիրաբուժության զարգացմանն օգնելու համար:

Հայ նեյրովիրաբույժ Արման Հակոբյանը, որը դարձել է նոր Ասոցացիայի նախագահը, նշել է, որ ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրահատությունները Հայաստանում արդեն 7 տարի է արվում են, ու չնայած ավելի մեծ ու բաց վիրահատություններին սովոր հասարակության կողմից դեռ թեթեւակի անվստահություն կա՝ բայցեւայնեպս ուրախացնում է այն փաստը, որ վերջին 3 տարիներին ոչ մի բաց վիրահատություն չի արվել, եթե դրա փոխարեն հնարավոր է եղել մինիմալ ինվազիվ վիրատահություն անել:

Ինչ վերաբերում է այս ոլորտում առկա խնդիրներին՝ Արման Հակոբյանը նշեց, որ ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրահատությունների անցկացման տեխնիկայի ու գործիքների պակաս Հայաստանում չկա, սակայն կա այդ վիրահատությունների ֆինանսավորման ու մատչելիության խնդիր: