Ամերիկացի հետազոտողները՝ Քալիֆորնիական համալսարանից, ԴՆԹ-ում հատուկ մարկերներ են հայտնաբերել, որոնց օգնությամբ կարելի է կռահել տղամարդկանց սեռական կողմնորոշումը: Իրենց հայտնագործության մասին նրանք պատմել են Գենետիկների ամերիկյան միության ամենամյա ժողովում:
Փորձին մասնակցել են երկվորյակներ, որոնցից մեկը հոմոսեքսուալ է, իսկ մյուսը՝ հետերոսեքսուալ, նաեւ իրենց հոմոսեքսուալ համարող երկվորյակ եղբայրների 10 զույգեր: Ուսումնասիրելով բոլոր կամավորների գեները՝ հետազոտողները նրանց գենոմների տարբեր մասերում որոշակի էպիգենետիկ մարկերներ են հայտնաբերել: Այդ մարկերների օգնությամբ գիտնականները կարողացել են 70 տոկոս հավանականությամբ կռահել տղամարդկանց սեռական կողմնորոշումը:
Հետազոտության հեղինակների կարծիքով, տվյալ մարկերները յուրօրինակ փոխարկիչների դեր են կատարում, որոնք ազդում են մարդու վարքագծի ու գործառույթների վրա: Այդ փոխարկիչները ակտիվանում են տարբեր գործոնների՝ այդ թվում քիմիական նյութերի ու կյանքի փորձի ազդեցության տակ: Նախորդ հետազոտությունները պարզել էին սեռական կողմնորոշման հարցում դերակատարում ունեցող քրոմոսոմների ավելի լայն շրջանակներ: Բայց հիմա հետազոտողները կարողացել են սահմանազատել այս շրջանակները՝ հասցնելով դրանք բազային զույգերի մակարդակի:
Չնայած առկա տեղեկություններին՝ գիտնականները դեռ չեն կարողանում պարզել, թե որ գործոնն է վճռորոշ դեր կատարում սեռական կողմնորոշման վրա ազդող գեների զարգացման վրա:






