Արտաքուստ չի երեւում, բայց Վանքուվերի բնակիչ 42 ամյա Նիկոլաս Բադմինթոնի ձեռքի մեջ ներպատվաստված է չիպ, որն իր չափերով բրնձի երկու հատիկի մեծություն ունի: Նիկոլասի ձեռքը հեռախոսի միջոցով սկանավորելով՝ նրա մասին շատ կարեւոր տեղեկություններ կարելի է ստանալ:
Այդ չիպը նա ներպատվաստել է 2014 թ.՝ 120 հանդիսականի աչքերի առաջ. սիլիկոնով պատված սարքը նա տեղադրել է իր ձախ ձեռքի բութ մատի եւ ցուցամատի միջեւ:
Իր այս արարքով կանադացին իր աջակցությունն է հայտնում մարդու մարմնի հնարավորություններն ընդլայնելու գաղափարին: Նա իրեն համարում է բիոհաքեր: Բիոհաքերները փորձում են մարդու օրգանիզմը համատեղել նորարարական տեխնոլոգիաների հետ՝ գերմարդ ստեղծելու նպատակով:
Արդեն հայտնի են մարդիկ, որոնք իրենց մաշկի տակ ռադիոհաճախականությամբ աշխատող նույնականացման հաղորդիչներ են տեղադրում, որպեսզի արգելափակումից հանեն դռները կամ էլ պաշտպանեն իրենց համակարգիչների տվյալները: Իսկ Կալիֆորնիայի բնակիչներից մեկը, օրինակ, բոլորովին վերջերս իր աչքի խնձորակների մեջ քլորոֆիլ է ներարկել՝ նյութ, որը թույլ է տալիս տեսնել մթության մեջ:
Ամբողջ աշխարհում այս շարժման մի քանի հարյուր հետեւորդ կա, այդ թվում` հայտնի գիտնականներ: Նրանք հաճախ են հանդիպումներ կազմակերպում, որպեսզի քննարկեն տեխնոլոգիաների շուկայի եւ կենսաբանական ինժեներիայի ոլորտի նվաճումները ու բիոհաքերների համար նոր արտադրանքներ ստեղծեն:
Բադմինթոնն իրեն փորձաճագարի պես մի բան է համարում, բայց նա վստահ է, որ ապագան հենց նման փորձերին է պատկանում: Նա համոզված է, որ ապագայում անթիվ օգտակար գյուտեր կլինեն, օրինակ, իմպлանտատներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի գտնել Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդներին, եթե նրանք կորեն, կամ էկզոկմախքներ, որոնք մոտ ապագայում ամբողջովին կփոխարինեն հաշմանդամների համար նախատեսված սայլակները:






