Կիստոզային ֆիբրոզով տառապող 77 համարձակ կանայք ցուցադրել են վիրահատություններից ու այլ բուժակարգերից հետո իրենց մարմինների վրա մնացած սպիները: Կանադացի 46-ամյա լուսանկարիչ Իան Փեթիգրյուն ժողովել է նրանց լուսանկարները իր գրքում, որը կոչվում է «Salty Girls»:
Կիստոզային ֆիբրոզն անբուժելի հիվանդություն է, որն ախտահարում է թոքերն ու մարսողական համակարգը: Իր գրքով լուսանկարիչն ուզում էր տեղեկություններ տարածել այս հիվանդության մասին ու ցույց տալ, որ դրա դեմ պայքարող մարդիկ նույնպես գեղեցիկ են, եւ տեսքի պատճառով նրանց ծաղրելն ու ամաչեցնելը սխալ է:
Լուսանկարչի խոսքով, ժամանակակից աշխարհում ապրելը շատ դժվար է այն մարդկանց համար, որոնք չեն համապատասխանում գեղեցկության գովազդվող չափանիշներին: Իսկ կիստոզային ֆիբրոզով մարդիկ այդ չափորոշիչներին չեն համապատասխանում . հիվադությունը ախտահարում է նաեւ մարսողական համակարգը, դրա համար էլ կիստոզային ֆիբրոզ ունեցող կանայք հաճախ «անորեքսիկների» տեսք են ունենում: Շատերը հենց այդպես էլ անվանում են նրանց՝ չհասկանալով նրանց նիհարության իրական պատճառները: Բացի դրանից, նրանցից շատերի մարմինների վրա օրգանների փոխպատվաստման վիրահատություններից ու բուժակարգերից պահպանված հսկայական սպիներ կան:
Լուսանկարիչը Daily Mail Online-ին պատմել է, որ աղջիկներից չորսը իր գրքի համար լուսանկարվելուց հետո՝ շատ չանցած մահացել են, իսկ եւս հինգը հիմա ինտենսիվ թերապիայի բաժնում են, ծայրաստիճան ծանր վիճակում: Կանանցից մեկը՝ Էրին Ֆիլիպսը, որը լուսանկարի վրա կարմիր կրծքկալով է, թոքերի կրկնակի ներպատվաստում է արել, սակայն վարակվել է ինչ-որ ինֆեկցիայով ու մահացել հուլիսի 21-ին՝ իր 31-րդ տարեդարձից մի քանի շաբաթ առաջ:














