Դանիայի գիտնականները մալարիային սպիտակուց են ստեղծել, որը կարող է ոչնչացնել քաղցկեղի բջիջների  90%-ը։ Փորձագետները ենթադրում են, որ հայտնագործությունը սկիզբ կդնի քաղցկեղի թերապիայի նոր տարատեսակի։  

Երկար տարիներ գիտնականներին հետաքրքրել են տարօրինակ զուգահեռները քաղցկեղի ուռուցքի ագրեսիվ աճի եւ հղի կնոջ օրգանիզմում ընկերքի զարգացման միջեւ։  Մասնագետները ենթադրում էին, որ մի քանի բջջից մի քանի ամսվա ընթացքում մի քանի սանտիմետրանոց նոր օրգանի աճը կարող է բանալի դառնալ ուռուցքային հիվանդությունների ըմբռնման եւ բուժման համար։  Այժմ մալարիայի դեմ պատվաստանյութի փնտրտուքը պատահաբար բացել է մահացու հիվանդության բուժման ամենահեռանկարային ուղիներից մեկը։ 

Կոպենհագենի համալսարանի գիտնականները գիտեին, որ մալարիայի մակաբույծը կպչում է ընկերքին։  Մասնագետները ջանացել են լաբորատոր պայմաններում վերստեղծել այն սպիտակուցը, որը մալարիայի մակաբույծն օգտագործում է ընկերքին կպչելու համար, իսկ հետո այն խառնել են թունանյութի հետ։  

Դա քաղցկեղի համար մահացու համադրություն է ստեղծել, որն ի վիճակի է փակչել ուռուցքներին, ինչից հետո թունանյութը բաց է թողնվում բջիջների մեջ եւ հանգեցնում դրանց մահվանը։  

«Մենք կենտրոնացել ենք ածխաջրերի գործառույթի ուսումնասիրման վրա, պատմում է Ալի Սալանտին  (Ali Salanti) բուժական առողջապահության ֆակուլտետից։  Դրանք ապահովում են ընկերքի արագ աճը։ Մեր փորձարկումները ցույց են տվել, որ նույն բանն է տեղի ունենում նաեւ քաղցկեղի բջիջներում։  Մենք մալարիայի մակաբույծին ամրացրել ենք քաղցկեղի բջիջներին եւ մակաբույծը այդ բջիջներին արձագանքել է այնպես, ինչպես եթե ընկերք լինեին. կպել է դրանց»։

Սալանտին  պատվաստանյութը փորձարկել է քաղցկեղի հազարավոր նմուշների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ մալարիայի սպիտակուցը հարձակվում է ուռուցքների բոլոր տեսակների բջիջների ավելի քան  90% տոկոսի վրա։ Հետազոտողները նկատել են, որ ավշային հանգույցների քաղցկեղ ունեցող մկների մոտ ուռուցքները փոքրացել են մոտավորապես մեկ քառորդով։  Վեց մկից երկուսի մոտ շագանակագեղձի քաղցկեղն անհետացել է առաջին պատվաստումից մեկ ամիս անց։ Ոսկորների մետաստատիկ քաղցկեղով հիվանդ վեց մկից հինգը գրեթե ութ շաբաթ ավելի երկար են ապրել, քան նրանք, ում չեն պատվաստել։ 

Հետազոտողները հույս ունեն առաջիկա չորս տարվա ընթացքում փորձարկումներ կատարել մարդկանց վրա։