Ֆրեզնոյի բժիշկների խումբը, որը Հայաստան էր ժամանել՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ, այցելել է Երեւանի ու 6 մարզերի մի շարք կլինիկաներ ու 10 օրվա ընթացքում հասցրել է 16 վիրահատություն անել, նաեւ մի շարք հետազոտություններ ու այլ բուժակարգեր՝ այդ թվում ատամնաբուժական ծառայություններ մատուցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Հյուպատոս Պերճ Ապգարյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստան են ժամանել ոչ միայն հայկական ծագում ունեցող բժիշկներ, այլեւ ամերիկացիներ, ու նրանց բոլորի նպատակը նույնն է՝ ոչ միայն որակյալ բուժօգնություն տրամադրել տեղական բնակչությանը ու փորձ փոխանակել տեղի բժիշկների հետ, այլեւ իրենց ավանդն ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Հյուրերին հաջողվել է կապեր հաստատել ոչ միայն առողջապահության նախարարության, այլեւ մի շարք հիվանդանոցների անձնակազմի ու ղեկավարության հետ, մասնագետները հեռախոսային համարներ ու էլեկտրոնային փոստի հասցեներ են փոխանակել ու անհրաժեշտության դեպքում կկարողանան հեշտությամբ կապվել միմյանց հետ:
Հայկական կլինիկաներից Ֆրեզնոյի մասնագետները լավ տպավորություն են ստացել: Նրանք նշել են, որ հայ բժիշկները հոգի են դնում իրենց աշխատանքի մեջ ու երբեմն բավականին բարդ պայմաններում անհնար բաներ են անում: Որոշ խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք կան բոլոր երկրներում ու քաղաքներում՝ այդ թվում Ֆրեզնոյում:
«Կայզեր» կլինիկայի ներքին հիվանդությունների բաժնի ղեկավար Կարապետ Խաչիկյանն էլ իր հերթին նշեց, որ հայ բժիշկները, իր կարծիքով, գիտելիքի պակաս չունեն, սակայն երկրի ընդհանուր կենսամակարդակը որոշ խնդիրներ է ստեղծում: Կենսամակարդակի աճին զուգահեռ (հատկապես եթե բժշկական ապահովագրություն ներդրվի ու բոլոր մարդիկ՝ անկախ իրենց եկամուտներից, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանան) այդ խնդիրներից շատերը կլուծվեն:
Ֆրեզնոյի բժիշկներին ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ բարձր գնահատելով նրանց առաքելության կարեւորությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նրանց հանձնել է պատվոգրեր՝ առողջապահության համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Վաղն առավոտյան մասնագետների մեծ մասը կմեկնի Հայաստանից, սակայն նրանցից մի քանիսը, այդ թվում հյուպատոս Պերճ Ապգարյանը, կմնան, որպեսզի քննարկեն Հայաստանի ու ԱՄՆ–ի մասնագետների հետագա փոխգործողությունները:






