Անհրաժեշտ է միջոցներ եւ ջանքեր չխնայել ատամների եւ այլ հիվանդությունների կանխարգելման հարցերում տեղեկացվածությունը մեծացնելու ուղղությամբ։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել Ֆրեզնոյից ատամնաբույժ Վահե Վասիլյանը։
Վահե Վասիլյանը ֆրեզնոցի բժիշկների մի խմբի հետ Հայաստան է եկել փորձի փոխանակման նպատակով։ Ուղեւորությունը կազմակերպել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը։ Իր այցի 10 օրերի ընթացքում Վասիլյանը եղել է Երեւանի եւ շրջանների մի շարք հիվանդանոցներում եւ տպավորված է նրանցից մի քանիսով. նրա խոսքով, նա մի քանի շատ լավ ատամնաբուժական կլինիկա է տեսել, որպիսիք նույնիսկ ԱՄՆ-ում շատ չեն։ Նրա վրա հատկապես լավ տպավորություն է թողել Վանաձորի կլինիկան։
Սակայն այդ կլինիկաներում նա նաեւ բավականին մեծ քանակությամբ 6-7 տարեկան, փչացած ատամներ ունեցող երեխաների է տեսել։ Մասնագետների խոսքով, այդ խնդիրը կապված չէ բժիշկների որակավորման հետ, ոչ էլ՝ կլինիկաների տեխնիկական հագեցման, այլ ավելի շուտ՝ մարդկանց կենսակերպի։ Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է ծնողներին ասել, որ երեխաներին սովորեցնեն ժամանակին եւ ճիշտ մաքրել ատամները, ճիշտ սնվել եւ չչարաշահել քաղցրը. Այդ ամենը կօգնի կանխել այդքան վաղ տարիքում փչացած ատամներ ունենալու խնդիրը։
Ինչպես նշել է Վահան Վասիլյանը, ԱՄՆ-ում ծնողների իրազեկման եւ ուսուցման վրա նույնիսկ ավելի շատ միջոցներ են ծախսվում, քան բժիշկների վերապատրաստման։ Եվ դա ճիշտ ներդրում է, որովհետեւ գիտելիքները մարդկանց օգնում են շատ հիվանդություններ կանխել։ Ավելին, ի վերջո ավելի հեշտ եւ էժան է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել, իսկ եթե գործը բուժմանը հասնի, որքան ավելի շուտ սկսվի այն,այնքան լավը կլինեն արդյունքները։
Հենց դրա համար էլ, ինչպես նշել է ատամնաբույժը, այդքան կարեւոր է բնակչությանը հասցնել այն միտքը, որ եթե խնդիր կա, կարեւոր չէ՝ ատամների հետ կապված, թե որեւէ այլ օրգանի, ցանկալի է հնարավորինս արագ բժշկի դիմել, որովհետեւ խնդիրը լուծելն ավելի հեշտ է այն ժամանակ, երբ վիճակը դեռ չի բարդացել։






