ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հռչակել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր (Global Handwashing Day): Այն առաջին անգամ նշվել է 2008 թ. ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակված Սանիտարական տարվա  շրջանակում:

Թվում էր, թե  ձեռքերը լվանալը մարդու անձնական գործն է, ու յուրաքանչյուրն ինքը կարող է լուծել այդ խնդիրը՝ ըստ իր մաքրասիրության ու դաստիարակության աստիճանի: Մյուս կողմից էլ, ինչպես նշում են ՄԱԿ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, համաշխարհային մասշտաբով դիտարկելու դեպքում նկատելի են չլվացված ձեռքերի խնդիրը աղետալի հետեւանքները: Չլվացված ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմում են հայտնվում այնպիսի սարսափելի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպն ու սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները:

Հենց «կեղտոտ ձեռքերն» են Ասիայում ու Աֆրիկայում մանկական մահացության բարձր մակարդակի գլխավոր պատճառներից մեկը, քանի որ ձեռքերը կանոնավոր չլվանալը կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են խոլերան, դիֆթերիան, թոքաբորբը, հեպատիտը, գրիպն ու սովորական հարբուխը, կոնյուկտիվիտը, սնկային զանազան հիվանդությունները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով հինգ հազար երեխա է մահանում լուծից, որը նաեւ «կեղտոտ ձեռքերի հիվանդություն» են անվանում: Այդ մահերի կեսից հնարավոր կլիներ խուսափել, եթե այդ երեխաները ուտելուց առաջ ու զուգարան գնալուց հետո մանրակրկիտ լվանային ձեռքերը: Դրա համար էլ ձեռքերը լվանալու սովորական հիգիենիկ պրոցեդուրան օրական հազարավոր մանկական կյանքեր կարող է փրկել ու փրկում է: Այն ոչ միայն օգնում է կանխել օրգանիզմի վարակումը վնասակար վիրուսներով ու ինֆեկցիաներով, այլեւ մեր կյանքն ավելի հարմարավետ, ավելի հաճելի ու անվտանգ է դարձնում: