ՁԻԱՀ-ի բացահայտողներից մեկը՝ ամերիկացի Ռոբերտ Գալլոն հայտարարել է, որ սկսվելու են մարդկանց վրա ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները։  Փորձարկումներին 60 կամավոր կմասնակցի։

ՄԻԱՎ-ի արյան թեստի հեղինակն իր համախոհների հետ հայտարարել է հարուցիչի դեմ պայքարի նոր փուլի սկիզբը։  Գալլոյի խոսքով, նոր պատվաստանյութը իրենից եւ իր խմբից մոտ տասնհինգ տարի է խլել։   Այսօրվա դրությամբ պատվաստանյութն անցել է կապիկների վրա փորձարկման բոլոր անհրաժեշտ փուլերը։ 

Փորձարարական պատվաստանյութը, որը մշակվել է Գալլոյի ղեկավարած գիտնականների խմբի կողմից, հիմնված է այն հիպոթեզի վրա, թե   gp120 վիրուսային սպիտակուցը CD4-ին աուտոիմունային հակազդեցություն է առաջացնում, ինչն իր հերթին հանգեցնում է վարակվածի արյան մեջ CD4+ լիմֆոցիտների քանակի կրճատմանը։  Գիտնականները ենթադրում են, որ դա հնարավորություն կտա  gp120-ի հանդեպ հակամարմիններ մշակել եւ այդ եղանակով կանխել ՄԻԱՎ-ով հետագա վարակումը։