Միլիոնավոր մարդիկ են քնում առողջության համար վտանգավոր մանրէներով ու բորբոսով վխտացող ներքնակների վրա, վստահեցնում են Մեծ Բրիտանիայի հետազոտողները:

Նրանց խոսքով, շատ ներքնակներում ապրում ու ակտիվ բազմանում են վտանգավոր մանրէներ՝ այդ թվում E.coli, ոսկեգույն ստաֆիլոկոկ, որը կարող է մաշկային տհաճ ինֆեկցիայի պատճառ դառնալ ու սնկեր, որոնք կարող են հազ առաջացնել ու խորացնել ասթման ու էկզեման:

Լիզա Աքերլիի՝ հիգիենայի ու շրջակա միջավայրի մասնագետի խոսքով շատերը պարզապես կզարմանային, երբ իմանային, թե ինչքան շատ են այդ մանրէները հին ներքնակում: Բորբոսն ու մանրէները դրանում բազմանում են տարիների ընթացքում ու չնայած դրանք անտեսանելի են անզեն աչքի համար, մարդը կարող է քնած ժամանակ շնչել դրանց վնասակար սպորները: Ավելին, ներքնակում կարելի է հայտնաբերել նաեւ ոսկեգույն ստաֆիլոկոկի՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն որոշ շտամմեր ու նույնիսկ մանրէներ, որոնք կայուն են բազմակի հակաբիոտիկների նկատմամբ:

Մարդիկ, որպես կանոն, մաքրում են այն, ինչու կարող են տեսնել, դրա համար էլ ներքնակը քողարկված պոտենցիալ հիվանդության անտեսանելի օջախ է մնում: Համարվում է, որ հին ներքնակը, որը օգտագործվում է 8-10 տարի, պարունակում է ավելի քան 4.5 կգ մահացած մաշկի մասնիկներ, ինչը հավասար է փոքրիկ տաքսա շան քաշին: Դրանով կարող են սնվել մոտավորապես 10 միլիոն փոշու տիզերի, որոնք կարող են ալերգիա, ասթմա ու այլ խնդիրներ առաջացնել: Այդուհանդերձ, փորձագետների գնահատականով, 8 միլիոն բրիտանացիներ շատ ավելի երկար ժամանակ են օգտագործում մատրասները ու տասնամյակներ շարունակ չեն փոխում դրանք: