«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետներ բժշկական օգնություն կտրամադրեն Տավուշի մարզի բնակչությանը։ Բժիշկների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նրանց հորդորեց խորհրդատվություն տրամադրել նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

ԱՄՆ-ից ժամանած բժիշկների առաքելությունը կենտրոնանալու է մասնավորապես Նոյեմբերյանում: Տեղի բժշկական կենտրոնին ԱՄՆ պատվիրակները եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաեւ ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը նշեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսել է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին:

Սա մասնագետի արդեն 6-րդ այցն է Հայաստան: Այս տարվա մայիսին փոքր խմբով մեր երկիր այցելության ընթացքում նա մանրամասն ծանոթացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հագեցվածությանը եւ կարիքներին:

 «Գլենդեյլ Ադվենտիստ»-ը եւ Նոյեմբերիայի բժշկական կենտրոնի համագործակցության մասին է վկայում նաեւ միմյանց հետ հաղորդակցությունը նաեւ հեռակապի միջոցով: Համագործակցությունն ամրապնդելու նպատակով առաջիկայում ծրագրվում է երկու կազմակերպությունները ամրագրել որպես «քույր» բժշկական կենտրոններ:

«Այցը հնարավորություն կտա առողջապահական համակարգի մասին առավել լայն պատկերացում կազմել: Մեզ համար ուրախալի է, որ, չնայած դժվարություններին եւ մարտահրավերներին, առկա են նաեւ առաջընթաց եւ հաջողություններ»,- նշեց կենտրոնի նախագահը` հավելելով, որ իրենք պատրաստակամ են աջակցել Հայաստանին առողջապահական համակարգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ եւ օտարազգի այլ բժիշկներ: Նախատեսվում է, որ նրանք կկատարեն, ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր եւ շուրջ 50 վիրահատություն:

ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար եւ բարձր գնահատեց պատվիրակության կարեւոր առաքելությամբ այցը Հայաստան:

Հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնն այս տարի նշում է հիմնադրման 110-ամյակը: Սկսած 1905թ. Կենտրոնը Սան Ֆերնանդոյում գործող կենտրոններից ամենամեծն է: