Շիզոֆրենիայով տառապող մարդկանց ուղեղի կոշտուկավոր մարմնի (corpus callosum) կառուցվածքում, որը ուղեղի նյարդաթելերի ամենակարեւոր եւ ամենամեծ փունջն է եւ իրար է միացնում աջ եւ ձախ կիսագնդերը, ձեւախեղումներ են նկատվում, դա են ցույց տվել ամերիկյան եւ եվրոպական մի քանի համալսարանների հոգեբույժների եւ նյարդաֆիզիոլոգների մի քանի խմբերի հետազոտությունները։
Ձեւաբանական փոփոխություններ են հայտնաբերվել նաեւ հաղորդիչ թելերի այլ խոշոր կուտակումներում։ Աշխատանքը հրապարակվել է NeuroImage ամսագրում։
Հետազոտողները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ստացված սկանավորման շնորհիվ ուսումնասիրել են 36 առողջ կամավորի եւ շիզոֆրենիայով տառապող 47 մարդու։ Նրանք պարզել են, որ որոշակի բնութագրեր, որոնք բացահայտվել են գլխուղեղի սկանավորման միջոցով, համապատասխանում են շիզոֆրենիայի սպեցիֆիկ ախտանիշների։ Օրինակ, այն հիվանդները, որոնք կոշտուկավոր մարմնի մի մասում առանձնահատկություններ ունեն, տարօրինակ եւ չկազմակերպված բնավորություն ունեն։ Այլ հիվանդների մոտ, որոնք այդ կառույցի այլ հատվածներում խանգարումներ ունեն, մտածողության եւ խոսքի խանգարումների եւ հույզերի բացակայության հետ կապված խանգարումներ են դիտարկվել։ Ուղեղի կոշտուկավոր մարմնի այլ անոմալիաներ կապված են զառանցանքի եւ զգայախաբությունների հետ։
2014-ին հետազոտողների նույն խումբը տեղեկացրել է, որ շիզոֆրենիան ոչ թե որոշակի հիվանդություն է, այլ գենետիկական ութ տարբեր հիվանդությունների խումբ, որոնցից յուրաքանչյուրն իր ախտանիշներն ունի։
Այդ հետազոտության մեջ գիտնականները բացահայտել են, որ գեների տարբեր հավաքածուներ պատասխանատու են որոշակի կլինիկական ախտանիշների համար։ Նոր հետազոտությունները լրացուցիչ ապացույցներ են տրամադրում առ այն, որ շիզոֆրենիան հիվանդությունների տարասեռ խմբին է պատկանում։






