«Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ եւ միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չենք կարող պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Անեսթեզիոլոգիայի զարգացմամբ է առաջին հերթին պայմանավորված վիրաբուժության մեջ նորարարությունների ներդրումը»: Այս մասին ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Անեսթեզիայի համաշխարհային օրվա առթիվ` ՀՀ անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների ասոցիացիայի հրավիրված նիստին։
Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ օրակարգային է մարզերում որակյալ մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:
ՀՀ առողջապահության նախարարի գնահատմամբ` առաջնային է նաեւ իրավական դաշտի ապահովման, ոլորտի չափագրման, ինչպես նաեւ ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցը:
Առողջապահական համակարգում բարեփոխումների իրականացման, ոլորտի չափագրման, գործելակարգերի եւ ուղեցույցների մշակման գործում նա մեծապես կարեւորեց մասնագիտական միավորումների աշխատանքը` հորդորելով վերոնշյալ հարցերի շուրջ ներկայացնել առաջարկներ:
Ընդգծելով, այս կարեւոր ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` Արմեն Մուրադյանը պատրաստակամություն հայտնեց շարունակական դարձնել նման ձեւաչափի հանդիպումները` ոլորտի խնդիրներն համակողմանի քննարկելու եւ կառուցողական լուծումներ գտնելու նպատակով:
Քննարկումը եզրափակվեց անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի գրքի շնորհանդեսով, ուր հեղինակն անդրադարձել է ինտենսիվ թերապիային, ծանր վարակների հակաբակտերիալ բուժմանը, մասնագիտական շրջանակում լայն հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը (World Anaesthesia Day):






